21 / Փետրվար / 2021 : 23-42

Էն բառը ոչ տեղին, բայց ճիշտ ես գործածում՝ ԹՈՒՅՆ․․․մայրենի լեզուդ չսովորելը թույնի է նման, որ կաթիլապես թունավորում է քեզ ու մի «թույն» օր կմեռցնի, վստա՛հ եղիր, կմեռցնի, գրողը տանի․․․

Գնում ենք հագուստի մոտակա խանութ, ընտրում ամենասիրուն զգեստը, բյուրակի հանում-հագնում ենք, ընտրում, ժամերով հայելու առաջ աջուահյակ ենք անում՝ հասկանալու՝ սազում է, թե չէ․․․-Հը՞, սա՞ վերցնեմ, թե՞ մյուսը, էս մեկն ինձ շատ է սազում, կարծես հենց ինձ համար կարված լինի, բայց այս մյուսն էլ մոդայիկ է, նորաոճ, ժամանակակից, թրենդային, «թույն» գույն ու ձևով․․․հը՞․․․ Վերջ։ Որոշում եմ․․․հենց սա, սա ամենաոճայինն է, ամեաերևացողը․․․ամենա․․․․
Հիմա մի սիրուն կրծքազարդ էլ կընտրեմ, մի կերպարային աքսեսուար, մի ճոխ փետրավոր գլխարկ, մի փայլփլուն պայուսակ․․․․մի տձև քարով մեծաչափ մատանի, մի կոշիկ՝ մոդայիկ կոշիկ, որով, չի բացառվում, որ չկարողանամ էլ նորմալ քայլել, բայց կարևորը նորաոճ է, մոդայիկ, թրենդային, «ԹՈՒՅՆ»․․․


Վերջ․․․ահա․․․գնաց, առավ, պճնազարդվեց, պչրուհու պես ինքնագոհ ամենն ընտրեց, զուգուզարդարվեց․․․
-ԿԱՅՖ․․․․
Հա՞ որ․․․
-ՆՕ՛,- կասի հարևան Կառչկան ու կավելացնի,- ստեղ մի «ձետալ» էլ ա պետք, հա, հաստատ՝ մի հատ մուգգգ, էն որ, ո՞նցց ասեմ է, շատ մուգ կարմիր պամադա․․․«ՖՍՅՈ»․․․
-Գինեգույն, էդ գույնը գինեգույնն է, գինեգույն շրթներկ,- սենյակից կձայնի մեծ քույրն ու կավելացնի,-ժամերով ամենայն բծախնդրությամբ զգեստ կընտրես, բառերն այդպես էլ ընտրել չսովորեցիր ու չընդունեցիր, որ քո էության գլխավոր ցուցիչը նախ փայլուն կոշիկդ չէ, այլ փայլուն խոսքդ, զարդանախշ կրծքազարդդ չէ, այլ զարդարուն խոսքդ, որ ճոխ սանրվածքդ չէ, այլ ճոխ ու ճկուն լեզուդ, չընդունեցիր, որ մարդկային այլազան կրքերի ամենափայլուն թարգմանիչը եղունգիդ դաջված փայլուն ծաղիկը չէ, այլ մայրենիդ, որին պիտի տիրապետես փայլուն, որ անկողոպտելի զարդդ էն տձև քարով մատանիդ չէ, այլ լեզուդ է, լեզուդ, որ բառի փոխարկված սեր է, որ հացի համ է՝ փոխարկված բառի, մայրական բույր է, աղոթքի ձայն է, անմրցելի ճոխ պերճություն է՝ ՀՈԳԵԶԱՐԴ, որը պետք է սիրել, պաշտել, գուրգուրել միիիի՜շտ ․․․ ու որը տարազան հագուստներից առավել սազող պիտի լինի քեզ, այլապես դու այդպես էլ չհասկացար, որ ոչ մի զարդի զնգզնգոց այնքան ախորժալուր չէ, որքան խոսքիդ կարկաչյունն ու ճարճատյունը․․․․․չսովորեցիր, որ մորդ օրորոցայինի լեզուն օրորոցիդ հետ չպիտի դուրս հանես տանից, այն պիտի ներսումդ պահես ու սովորես օրորոցից մինչև մահվան մահիճ․․․․որ օրորոցայինդ էլ մայրենիդ լինի պիտի ու մահախոսականդ էլ մայրենիդ պիտի լինի․․․


Դու հենց մեծացար, դադարեցի՞ր մորդ սիրել ու մայրական խոսքին ականջալուր լինել, վե՞րջ, հիմա արդեն մեծ ես ու չե՞ս սովորում մայրենիդ՝ քոնը, մայրականը, մայրաբույրը, հացեղենը, ապրեցնողը․․․
Ինչո՞ւ ես ընկել մոդեռնի, մոդայիկի, նորաոճի, ժամանակակիցի, թրենդայինի հետևից․․․
Էն բառը ոչ տեղին, բայց ճիշտ ես գործածում՝ ԹՈՒՅՆ․․․մայրենի լեզուդ չսովորելը թույնի է նման, որ կաթիլապես թունավորում է քեզ ու մի «թույն» օր կմեռցնի, վստա՛հ եղիր, կմեռցնի, գրողը տանի․․․


Չէէէ՛, ուր տանի, գրողը թող շարունակի բերել ու թող գրի՝
«Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց»․․․
Տես, որ ժպտում է․․․
Կժպտաս, բա ի՞նչ․․․միմյանց չհամադրվող քանի՞ բառ ես կիրառում օրական, երբ վաղ առավոտից համադրում ու սազեցնում ես հագուստի բոլոր մանրուքները․․․
Հ․Գ․ ՍԵՐ է լեզուն, չդադարե՛ք սիրել․․․անսեր մարդն անշունչ է․․․ ․․․շնչեք․․․

Մերի Աբգարյան

Դիտվել է 77178անգամ
Վերջին լուրեր