24 / Փետրվար / 2021 : 12-28

«Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ». Մինաս Ավետիսյան

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

«Իմ խիղճը իմ նկարներն են. լավ եմ նկարում, թե վատ՝ ուրիշ հարց է, բայց նկարում եմ այն ինչ ուզում եմ եւ այնպես ինչպես ուզում եմ»։

Մինաս Ավետիսյան

Ներկապնակ. կարմիրը, կապույտը, նարնջագույնը եւ Մինաս Ավետիսյան... 

Հայրենի բնություն, լեռներ, հայկական բնաշխարհ, Ջաջուռ գյուղը, տունը, ծննդավայրը, մայրը, մանկության օրերի լուսավոր տպավորությունները՝ վառ և զուսպ գույների արտահայտչականությամբ բնորոշում են Մինաս Ավետիսյան նկարչի արվեստը։ Նրա վրձինը կերտել է բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ինքնատիպ որմնանկարներ։ 
20րդ դարի գեղանկարչության հայտնի եւ վառ նկարիչներից՝ մշեցի դարբին Կարապետի ու կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի որդի
Մինասը ծնվել է 1928ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում. 

«Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Երբ փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»,- ասել է նկարիչը։

Նա կրթություն է ստացել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա 1960ին սովորել եւ ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիան։ 1964ին ամուսնացել է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ. առաջնեկը՝ Արմանն է, իսկ կրտսեր որդին՝ Նարեկը, նկարիչ է։

Ասում են Մինաս Ավետիսյանը մի ուրիշ գույն ու լույս բերեց հայկական մշակույթ, նա նորի՝ նոր մտածելակերպի գեղանկարչության պատմություն կերտեց իր արվեստով, որի արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը:
Շուրջ 500 կտավ՝ յուրահատուկ գունային խիստ հակադրություններով... երբեմն քնարական, երբեմն լուսավոր, երբեմն էլ՝ ողբերգական. Հայոց ցեղասպանության մազապուրծ ծնողների զավակ Մինասի հայտնի նկարներից մի քանիսը նկարագրում են հատկապես 1915 թվականի կոտորածը, գաղթը։

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է...»։

 Վիլյամ Սարոյան
 

Համադրելով գույնի եւ լույսի արտահայտչականությունը՝ ժողովրդի կողմից սիրված արվեստագետն իրեն լավագույնս դրսևորել է նկարչության յուրաքանչյուր ժանրում՝ գեղանկարչություն, գծանկարչություն, որմնանկարչություն, բեմանկարչություն.

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է նա:

Բեմանկարչութան ոլորտում Մինաս Ավետիսյանը նույնպես պահանջված եւ սիրված է եղել՝ Ալ. Սպենդարյանի «Ալմաստ» օպերայի (1971) եւ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմանկարիչն է։ Ինչպես նաեւ՝ 1963ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի համար երեք բալետ-նովելների նկարիչը՝ իր առաջին բեմանկարչական աշխատանքները։ 

1969 թվականին նկարահանվել է «Հողի գույնը» ֆիլմում, ապա նաեւ կինոարվեստում աշխատել իբրեւ նկարիչ (Յուրի Երզնկյանի և Էռնեստ Մարտիրոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը»)։

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ` նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

Արամ Խաչատրյան

Մոտ 300 աշխատանք. 120 գեղանկարներ, անձնական արխիվը, նամակներ, Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները այրվել են. նկարչի արվեստանոցում 1972 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվել՝ այրվել են այնտեղ գտնվող բոլո՛ր գործերը։

«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում»։

Երվանդ Քոչար

Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինաս Ավետիսյանի որմնանկարները 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրել են մասնակի կորուստներ։

Մինչ այդ՝ 1968 թվականին Մինաս Ավետիսյանը արժանացել էր ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման. նկարիչների միության անդամ էր. 

«Աստված իր կամքով ստեղծեց մարդուն և տվեց նրան փորձություններով լի կյանք, և որքան էլ դառնահամ լինեն այդ փորձությունները, դրանք ի վերջո տանում են դեպի լույս ու հավերժություն»,- ասել է նկարիչը։

1975 թվականին փետրվարի 23-ին արվեստագետը, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը կնքել է իր  մահկանացուն՝ ենթարկվելով ավտովթարի. առեղծվածային մահ՝ մահվան հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն։ 

«Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»:

Գառզու

1977 թ. Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը, հուշատախտակը,
ետմահու շնորհվում է Մարտիրոս Սարյանի անվան մրցանակ (1980). պատանի հասակում նկարիչը տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով, ապա 18 տարեկանում ծանոթացել է նրա հետ.

«Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով:
Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել: Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր: Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու էլ մենակ չես: Ուրեմն, շարունակել խիզախել: Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»: 

Մարտիրոս Սարյան

Ծննդավայր Ջաջուռում 1982ին հիմնադրվել է Մինաս Ավետիսյանի թանգարանը, 1988 թ. երկրաշարժից շենքն ավերվել է, ապա վերակառուցվել եւ վերաբացվել 2005ին։

Մինաս Ավետիսյանի գեղանկարչական ճաշակն ու ոճը, աշխարհընկալումը հայ գեղանկարչության պատմություն քառուղիներում... Այսօր նկատելի է  ժամանակակից շատ նկարիչների գործերում նրա արվեստի՝ լույսի ու գույների ազդեցությունը։

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։ 

Հակոբ Հակոբյան

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Փետրվար / 2021 : 12-28
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 126847անգամ
Վերջին լուրեր