26 / Փետրվար / 2021 : 13-23

Բայդենի որոշումով ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Սիրիայում իրանյան ռազմական օբյեկտների

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Բայդենի որոշումով ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Սիրիայում իրանյան ռազմական օբյեկտների: Ամերիկացիները հայտնել են, որ դա պատասխան է Իրաքի տարածքում իրենց օբյեկտների հրթիռակոծման համար:

Խորքային առումով Բայդենի վարչակազմը ըստ ամենայնի այդ հարվածով ազդակ է հղում Իրանին, որ դիվանագիտական կարգավորման պատրաստակամությունը չդիտարկվի իբրեւ թուլություն եւ մերժման դեպքում ԱՄՆ կգնա նաեւ ուժային տրամաբանության:

Սա իհարկե մեզ համար կլինի ամենաանցանկալի ռեժիմը, որովհետեւ ԱՄՆ-Իրան դիվանագիտական գործընթացը կլինի Կովկասում կայունության մի կարեւոր գրավական, դրանից բխեցնելով մեզ համար թե ռեգիոնալ, թե երկկողմ՝ հայ-իրանական մի շարք հնարավորություններ:

Մի քանի ամիս անց Իրանում նախագահի ընտրություն է եւ էդ հանգամանքը իհարկե ենթադրում է, որ Իրանում թե պահպանողականները, թե ռեֆորմիստները ներքաղաքական մղումներով այդուհանդերձ ավելի շատ հակված կլինեն կոշտության:

Բայց պետք է հուսալ, որ դա կլինի զուտ ներքաղաքական նախընտրական «ոճ» եւ հաղթող կողմը, որն էլ լինի, այդուհանդերձ կկայացնի նաեւ Իրանի համար կարեւոր որոշումը եւ կգնա ԱՄՆ հետ դիվանագիտական գործընթացը վերականգնելու պատրաստակամության ուղով»:

 

Դիտվել է 14730անգամ
Վերջին լուրեր