Եթե Ադրբեջանին որևէ վտանգ սպառնա, Թուրքիան կօգնի մեզ․ Ալիև
«Մենք մտադիր ենք Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդել ստեղծել»․ Ալիև
Ադրբեջանը կստեղծի բանակ, որը կլինի թուրքական բանակի փոքր մոդելը, հայտնում է minval.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ռազմական ոլորտում Թուրքիայի հետ մեր համագործակցությունը կշարունակվի: Թուրքական բանակն աշխարհում ամենաուժեղներից մեկն է, իսկ ՆԱՏՕ-ում` երկրորդը: Մենք մտադիր ենք ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել Ադրբեջանում: Այս ուղղությամբ արդեն գործնական միջոցառումներ են ձեռնարկվել», - ասել է Իլհամ Ալիևը:
Նա շեշտել է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը ձեռք է բերել անգնահատելի փորձ:
«Պատերազմի ընթացքում մենք կուտակված փորձ ունենք, և պետք է դրանից ճիշտ եզրակացություններ անենք: Թուրքիայի և Ադրբեջանի միջև օրենսդրական մեծ բազա կա: Մենք Թուրքիայի հետ մի շարք փաստաթղթեր ենք ստորագրել, որոնց թվում փոխադարձ ռազմական օգնության մասին փաստաթուղթ կա: Իհարկե, եթե Ադրբեջանին որևէ վտանգ սպառնա, վստահ եմ, որ Թուրքիան կօգնի մեզ», - հավելել է Ալիևը: