01 / Մարտ / 2021 : 23-37

Փոքրիկն ու Գարունը. մի՞թե երջանկություն գոյություն ունի... 

Գեղանկարը՝ Մելքոնյան Աշոտի
«Սեր», 1962թ. 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

 

ԳԱՐՈՒՆԸ, ՓՈՔՐԻԿԸ ԵՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ 

- Իսկ դու ո՞վ ես։
- Ե՞ս, գարունն եմ...
- Որտեղի՞ց հայտնվեցիր։
- Ես ապրում եմ այն բարձր ու վեհ լեռան գագաթին. ծաղիկները ինձ ձեզ մոտ ուղարկեցին։
- Ծաղիկնե՞րը։
- Այո՛, այո՛, ծաղիկները, ես ինքս էլ ապրում եմ անթառամ մի ծաղկի մեջ, եւ ամեն տարի, երբ գալիս է ժամանակը, հայտնվում եմ, որ...
- Որ ի՞նչ, ինչո՞ւ ես եկել, մնալո՞ւ ես՝ կմնա՞ս մեզ մոտ, երկա՜ր...
- Եկա, կմնամ մինչեւ իմ գործը ավարտելը, բայց չեմ կարող երկար մնալ, կգնամ ու դարձյալ կվերադառնամ, չէ որ ինձ եւս հարկավոր է ժամանակ եւ ուժ...
- «Կգնամ եւ կգամ», Հը՜մ... Հետաքրքի՞ր
է այդպես, մի՞թե... Դե՛, Լա՛վ։
- Ծաղիկները, որ ինձ առաջնորդեցին գալ ձեզ մոտ, գիտե՞ս, նրանց մեջ են ապրում երջանկության գաղտնիքները, եւ ես ամեն տարի ձմռան ցուրտ օրերից հետո պետք է գամ ու բացահայտեմ այդ գաղտնիքները ձեզ համար կրկին ու կրկին։
- Իսկապե՞ս, մի՞թե երջանկություն գոյություն ունի, չէ որ աշխարհում անարդարություն է տիրում եւ կորցրել ենք երջանկության նշույլն իսկ, էլ ուր մնաց թե՝ գաղտնիքները...
- Իսկ դու մի տխրիր եւ լսի՛ր. արդեն ասացի, որ իմ ընկերների՝ ծաղիկների մեջ են ապրում աշխարհի մարդկանց երջանկության գաղտնիքները։
- Երջանկության գաղտնիքնե՜րը... Լա՜վ...Դե ասա՛, ասա՛, որն են այդ գաղտնիքները ծաղիկների մեջ ապրող։
- Ծաղիկը, որին ես ամեն առավոտյան արթնանալիս տեսնում եմ՝ նրա մեջ ապրում է ժպիտը. նա ժպիտ է պարգեւում ամեն օր ինձ։
- Ժպի՜տ... ի՜նչ հաճելի է արդեն... Ես նույնպես ցանկանում եմ ժպտալ եւ ժպիտ պարգեւել. պիտի ժպտա՛մ ամեն առավոտ, խո՛սք եմ տալիս, Գարուն։
- Ծաղիկը, որ անմիջապես կողքիս է, շատ հոգատար է եւ ջերմ, հատկապես այն օրերին, երբ տխուր եմ լինում. նրա մեջ ապրում է հոգատարությունը։
- Գարուն, իսկ դու նույնպես տխո՞ւր ես լինում։

Գեղանկարը՝ Զավեն Արշակունու

«Գարուն», 1960թ. 

- Ինչպես թե, մի՞թե անձրեւոտ օրեր չեն լինում ձեզ մոտ, դա այն օրերն են, երբ ես տխուր եմ ու լալիս. եւ անձրեւում է, բա՜յց...

- Բայց՝ ի՞նչ, Գարուն, ի՞նչ։
- իմ կողքին կա մի ուրիշ ծաղիկ եւս եւ նա իմ լավագույն ընկերն է. նրա մեջ ապրում է ազնվությունը, շատ ընկերասեր է՝ սե՛ր է, եւ նրա հետ ես մոռանում են իմ բոլոր տխրությունները։
- Ես նույնպես կուզեի «սեր» լինել, ավելի ճիշտ՝ ընկերասեր... օ՜հ, սա շատ կարեւոր է Գարուն, շա՜տ, իսկ մենք արդեն կարո՞ղ ենք ընկերներ լինել։
- Իհարկե՛, միայն թե մի ստիր ինձ երբեք. ընկերությունը ազնվություն է սիրում, հիշի՛ր։ Իսկ մտածե՞լ էիր երբեւէ, թե ինչու է իր մեջ կրում «սեր» բառը։
- Սե՜ր... Սա այն է ինչ բոլորը փնտրում են, սակայն միշտ չէ, որ գտնում են։ 
- Իսկ գիտե՞ս, թե ինչու չեն գտնում, լսի՛ր. այն մյուս ծաղիկը, որ մի քիչ ավելի հեռու է գտնվում, նրա մեջ ապրում են կյանքն ու սերը, այն ինչ հարկավոր է բոլորիս, եւ երբ որեւէ ծաղկի անգամ մեկ թերթիկ քամին պոկում-տանում է, նա անմիջապես իր թերթիկներից է նվիրում եւ ապրեցնում բոլոր վիրավոր, կոտրված ծաղիկներին՝ տալով իր սերը. ոչ բոլորն են ընդունակ նվիրվելու, կյանք ու սեր տալու։ 
- Օ՜, Գարուն, մի՞թե այդպես հնարավոր է, ես հիացած եմ... Օ՜հ, գուցե նրա մեջ ապրում է նաեւ հրա՞շքը։
- Նրա մեջ կյանքն է ապրում, փոքրիկ, եւ որքան էլ դժվարությունների հանդիպի՝ չի նահանջում, ուժ է գտնում եւ շարունակում է ապրել ու ապրեցնել սիրով։
- Օ՜հ, սա մի հրաշք է, ես նույնպես կուզեմ ապրել ու ապրեցնել... Պատմիր ինձ, պատմի՛ր Գարուն, ուրի՞շ...
- Մեր շուրջն է գտնվում նաեւ այն միակ ծաղիկը, որի մեջ ապրում է հասկացողությունը։
- Ի՞նչ, իսկ դա հարգանքն է գուցե, մի տեսակ ինձ այդպես թվաց։
- Նրանք եղբայրներ են, փոքրիկ, ուրեմն քեզ այնքան էլ այդպես սխալ չի թվացել. եթե չլինի հարգանք եւ հասկացողություն, գիտե՞ս ինչ կլինի.
- Ոչ, ուզում եմ իմանալ, բայց այս ի՞նչ աղմուկ է դրսում։

Գեղանկարը՝ Բաբկեն Քոլոզյանի 

«Գարուն», 1977թ. 

- Քամի է դրսում, սաստիկ քամի, երեւի ծաղիկներս վեճի են բռնվել միմյանց հետ, բայց անպայման հասկացողություն եւ հարգանք կդրսեւորեն։ Եւ այդ ժամանա՜կ... վստահ եմ՝ քամին կնահանջի ու վառ արեւ կծագի երկնքում։

- Ուրե՜մն քամի է... Հիմա հասկացա՝ ահա թե ինչու երբեք չեմ սիրել աղմկոտ, անզուսպ, քամիներին։
- Դու ինձ նաեւ հարցրեցիր հրաշքի մասին, ճի՞շտ է։
- Այո՛, Գարուն, հարցրեցի, ես հավատում եմ հրաշքների, հավատա՞մ...
- Ծաղիկը, որ մի փոքր ավելի ներքեւում է գտնվում, շատ դյութիչ ծիծաղ ունի, իսկ գիտե՞ս, թե ինչու։
- Դե՛ Գարուն, մի հապաղիր, ասա խնդրում եմ, ինչո՞ւ...
- Այդ չքնաղագեղ ծաղկի մեջ ապրում է հույսը, իսկ երբ նա ժպտում է, հույսը ավելի ու ավելի է թեւեր առնում. եւ դա հրաշքն է, փոքրիկ։ Հրաշքը՝ հույսի շողերն են լուսավոր, եւ ամեն մարդ պետք է այդ հրաշքով վառ պահի իր հոգին՝ լույս, հույս, հավատ։
- Իսկ դրսում արդեն արեւ է, քամին հեռացավ։ Գարուն, ծաղիկները երեւի հաշտվե՞լ են արդեն։
- Փոքրիկս, ծաղիկները սիրում են միմյանց, նրանց բոլորի մեջ ապրում է սերը, եւ ուրեմն նրանք կհաշտվեն ինչ-էլ որ պատահի։
- Գարուն, ուրեմն ժպիտը, հոգատարությունը, ջերմությունը, ընկերասիրությունը, ազնվությունը, կյանքը, մարդասիրությունը, հարգանքը, հասկացողությունը, հույսը.... այս բոլորի երջանկության գաղտնիքնե՞րն են։ 
- Իմ խելացի փոքրիկ, իսկ դու ապրես, որ ինձ լսեցիր. ա՛յ, եթե անտարբեր լինեիր իմ ասածներին, երբե՛ք էլ չէիր բացահայտի քեզ համար երջանկության գաղտնիքները։ Ուրեմն հիշի՛ր՝ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր երջանկության համար, կարեւորը ցանկությունն է...
- Գարուն, շնորհակալ եմ, որ եկար, դրսում հիանալի եղանակ է, արդեն զգում եմ ծաղիկների բուրմունքը. գնա՛մ պատմեմ ընկերներիս քո մասին... Գարո՜ւն...
- Գնա՛ փոքրիկ, եւ վառ պահիր քո հոգու մեջ լույսն ու սերը։
- Իմ բարի Գարուն... Բարո՜վ եկար...

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 01 / Մարտ / 2021 : 23-37
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 21964անգամ
Վերջին լուրեր