Կիպրոսի եկեղեցին երկրին կոչ է արել հրաժարվել «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցությունից՝ «սատանայապաշտական» երգի պատճառով (տեսանյութ)
Կիպրոսի եկեղեցին կոչ է արել երկրին հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին՝ հիմնավորելով, որ երգը, որով կներկայանա երկիրը, իրականում խթանում է սատանայի պաշտամունքը, գրում է CNN-ը։
Նշվում է՝ հույն երգչուհի Ելենա Ցագրինոուն մայիսին Ռոտերդամում կներկայացնի Կիպրոսը «El Diablo» (իսպաներից թարգմանաբար`սատանա) փոփ ժանրի երգով:
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ երգը «Սատանայի նման վատ մարդու սիրահարվելու մասին է»:
Ի պատասխան եկեղեցու մեղադրանքներին՝ Ցագրինոուն մանրամասնել է, որ «El Diablo»-ն ակնհայտորեն այլաբանական երգ է:
«Այն մի կնոջ պատմության մասին է, որը կարողացել է դուրս գալ թունավոր հարաբերություններից։ Երաժշտությունը միավորում է բոլորիս, այն մեզ չի բաժանում»,- շեշտել է նա ու նշել՝ իր թիմը «հավատարիմ է մնում նպատակին, այն է՝ երաժշտական մրցույթում արժանի ներկայացնել Կիպրոսը»:
Կիպրոսի հեռարձակման կորպորացիան ևս պատասխան հայտարարությամբ է հանդես եկել։ Ընկերության նախագահ Անդրեաս Ֆրանգոսը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ չնայած եկեղեցու կոչերին, իրենք չեն նախատեսում հրաժարվել մասնակցությունից։