Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2021 : 11-24

Այսօր մեկնարկում է Հռոմի պապի պատմական այցն Իրաք (լուսանկարներ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուրբաթ պատմական այց է սկսում Իրաք, որը նրա առաջին այցն է «Արևելյան եկեղեցիների» ծննդավայր, որտեղից վերջին 20 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է փախուստի դիմել, հայտնում է Al Jazeera-ի թղթակից Բարբարա Բիբբոն։

Բաղդադում Հռոմի պապը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և այլ պաշտոնատար անձանց հետ` ենթադրաբար, քննարկելու քրիստոնյաների նկատմամբ առկա խտրականությանն ու վախի մթնոլորտին առնչվող խնդիրներ, ինչպես նաև այցելելու է Նաջաֆ՝ հանդիպելու Իրաքի շիա իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Այաթոլլա Ալի ալ-Սիսթանիին։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև իրաքի փոքրամասնությունների՝ սուննիների, եզդիների ներկայացուցիչները:

 

Հռոմի պապի այցը խիստ խորհրդանշական արժեք է Իրաքի քրիստոնյաների համար, որոնց ժառանգությունն այստեղ սկիզբ է առել հին Բաբելոնի ժամանակներից՝ գրեթե 4000 տարի առաջ:

Վերջին տարիներին նախ «Ալ Կաիդա», այնուհետև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի քրիստոնյաների նկատմամբ իրականացված համակարգված հետապնդումը տասնյակ հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ է դարձել և սպառնում է համայնքի գոյությանը:

Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպումներ կունենա գնալով նվազող քրիստոնեական համայնքների հետ Բաղդադում, Մոսուլում և Քարաքոշում՝ Նինվեի հարթավայրերում գտնվող Իրաքի ամենամեծ քրիստոնեական քաղաքում, որտեղ 2014 թվականին «Իսլամական պետություն»-ը վերացրել է քրիստոնեական ներկայության «մնացորդները», որոնք դիմակայել էին «Ալ Կաիդա» խմբավորման կողմից կիրառված բռնությանը, ստիպելով տասնյակ հազարավոր մարդկանց գաղթել դեպի Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններ, Թուրքիա, Լիբանան և Հորդանան:

Էրբիլում Հռոմի պապը կհանդիպի քրդական իշխանությունների և կենտրոնական Իրաքում ապաստան գտած 150 հազար քրիստոնյա փախստականների մի մասին։ Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ծնունդով իրաքցի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու Կարդինալ Լուի Ռաֆայել Սաքոն ասել է․ «Հուսով ենք, որ Հռոմի Պապի այցը որոշակի ուշադրություն կհրավիրի Արևելքում քրիստոնյաների ողբերգության վրա և կխրախուսի նրանց այնտեղ մնալ։ Դա նաև եղբայրական ուղերձ կլինի իրաքյան մյուս հավատացյալներին առ այն, որ կրոնը չպետք է բաժանի, այն պետք է միավորվի, և որ մենք բոլորս իրաքցիներ և հավասար քաղաքացիներ ենք»:

Դիտվել է 7126անգամ
Վերջին լուրեր