Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մարտ / 2021 : 15-25

Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, իսկ հիմա անժամկետ օգտագործում են գյուղի ճանապարհը

Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով երթևեկում են ադրբեջանական ավտոմեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Թեև երթևեկությունը սկսվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրից անմիջապես հետո, Արցախի իշխանությունները պաշտոնապես տեղեկությունը հայտնեցին ամիսներ անց։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ տեղեկացրեց, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, սակայն չի հաջողվել։ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից փորձեցինք տեղեկանալ, ուրիշ որ գյուղերի նկատմամբ է Ադրբեջանը նկրտումներ ցուցաբերել, ցանկացել վերցնել, սակայն խոսնակը խուսափեց հստակ պատասխան տալ։

«Բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր ունենք, ոչ թե ինչ-որ բան զիջելու կամ փոխանցելու»,- ասաց Լ.Ավանեսյանը։

 

Ի դեպ, վերջերս տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում համատեղ օգտագործման ճանապարհ են պահանջում՝ խոստանալով դրա դիմաց 30 ռազմագերիների վերադարձ։ Արցախի նախագահի խոսնակը հերքել էր օրակարգում նման հարցի առկայությունն ընդհանրապես, մինչդեռ հիմա պարզվում է, որ ադրբեջանցիներն իրականում ամբողջ գյուղն են ցանկացել վերցնել։

Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ թշնամին ներկայումս շաբաթական երեք անգամ անցնում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի ճանապարհով։ Թե որքա՞ն են շարունակվելու երթևեկությունները այդ ճանապարհով, որի շուրջ թշնամին բանակցել է, խոսնակը դժվարացավ ժամկետներ նշել, սակայն պնդեց, թե ադրբեջանցիները ժամանակավոր են օգտվում այդ ճանապարհահատվածից։

«Ժամանակավոր է, որովհետև որքանով ես եմ տեղյակ՝ իրենք Շուշիի վրա այլ ճանապարհ են կառուցում»,- ասաց Ավանեսյանը ու չմեկնաբանեց, թե ո՞ւմ միջև են ընթացել ճանապարհից օգտվելու բանակցությունները։

Խոսնակը չպատասխանեց նաև այն հարցին, թե մինչև Շուշիում ադրբեջանական ճանապարհի կառուցումը չավարտվի, թշնամին շարունակելո՞ւ է անցնել Կարմիր շուկայով։

Դիտվել է 22697անգամ
Վերջին լուրեր