18 / Ապրիլ / 2020 : 09-57

Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն

Պետք է արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ:

Ապրիլի 17-ի իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետևյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:

Հետևաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:

Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:

Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար և կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար:

Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առավելագույնն անի նախ ինքը չվարակվելու, ապա և ուրիշներին չվարակելու համար:

Եվ ուզում եմ այդպիսի բանաձև առաջարկել, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ և մեր հարազատներին: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն. առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն: Երկրորդ. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը:

Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է:

Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց: Ահա փաստորեն երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ և հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի և գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը:

Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ և նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձևավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո և թերևս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձևերի, առօրյա շարժուձևերի մեջ»,-ասել է նա:

Դիտվել է 6691անգամ
Վերջին լուրեր