18 / Ապրիլ / 2020 : 15-28

9-րդ մասիվցի երիտասարդի սպանության մեջ կասկածվողը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակից է. մանրամասներ 

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանը:

ArmDaily.am-ի հետ զրույցում Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանն ասաց, որ Արթուր Կիրակոսյանը հավասարակշիռ երիտասարդ է. «Նախկինում նա որևէ միջադեպի մասնակից չի եղել, բոլորս ցնցված ենք, չգիտենք ինչը կարող է պատճառ եղած լինել, որ նա նման բան անի: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Շորժա կայարանում որպես հերթապահ է աշխատում, 24-ժամյա հերթապահություն են իրականացնում ու դեպքի օրն էլ ինքը հերթապահության է եղել, չգիտեմ ինչը կարող է նման քայլի դրդել նրան: Խելոք, համեստ ընտանիք ունի, ամուսնացած է, անչափահաս 2 երեխա ունի, հայրն հաշմանդամ է»:

Հարցին՝ Գեղամ Աբրահամյանի հետ նախկինում որևէ կոնֆլիկտ ունեցե՞լ է՝ Շուշանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, սպանվածը մեր համայնքից չէ, ես նրան չեմ ճանաչում, համայնքում էլ նրա մասին որևէ մեկը ոչինչ չգիտի»:

Նա նաև բացառեց, որ Արթուր Կիրակոսյանը կարող է որևէ հոգեկան խնդիր ունենալ, քանի որ երկաթգծում աշխատելու համար պարտադիր ստուգում են անցնում:

Դիտվել է 3885անգամ
Վերջին լուրեր