18 / Մարտ / 2021 : 21-07

«Ես գերադասել եմ խոստումս ու բարոյական պարտքս». Մերի Երեմյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի նախագծից հեռանալու մասին

«Ես հեռուստաընկերություններից որևէ մեկը մյուսից չեմ գերադասել, ես գերադասել եմ իմ խոստումն ու բարոյական պարտականությունը՝ «Շանթ» հեռուստաընկերության հանդեպ, այլ ենթատեքստեր փնտրելու կարիք չկա»- Yelaket.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Մերի Երեմյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի նախագծից հեռանալու և «Շանթ» ՀԸ-ի՝ իր անավարտ թողած նախագիծը շարունակելու մասին խոսելիս:

Մերի Երեմյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի հերոսուհին է: Դեռ նոր էր հունի մեջ մտնում սերիալը, երբ նախագծի ղեկավար Ելենա Արշակյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ Մերին հեռացել է նախագծից՝ միանալով «Շանթ» ՀԸ-ին: Այս և այլ հարցրեցի մասին Yelaket.am –ը զրուցեց Մերիի հետ: Վերջինս մանրամասն բացատրեց, որ ինքը մինչ նախագծի մեկնարկը Ելենա Արշակյանին տեղյակ է պահել, որ հնարավոր է՝ ընթացքից  միանա «Շանթ» ՀԸ-ի «Երկուսով» սերիալի՝ անավարտ մնացած նկարահանումներին.

«Քանի որ «Շանթ» ՀԸ-ի նախագիծը դեռ կիսատ էր մնացել, հետևաբար՝ պայմանագիրն էլ դեռ ուժի մեջ էր, «Ծաղիկներ ձյան տակ» նախագծին միանալուց առաջ այդ ամենը տեղեկացրել եմ նրանց՝ գլխավորապես Ելենա Արշակյանին, ով տեղյակ է եղել և՛ պայմանագրի, և՛ նախագծի անավարտ լինելու մասին: Ես իմ քայլերը համաձայնեցրել եմ «Շանթ» ՀԸ-ի հետ՝ ստանալով թույլտվություն նկարահանվել այլ նախագծում,պայմանով, որ «Երկուսով»նախագիծը վերսկսելու դեպքում ավարտին հասցնեմ այն»- բացատրում է Մերին՝ անդրադառնալով գրավոր և ոչ գրավոր պայմանավորվածություններին:

«Մենք բանավոր պայմանավորվածություն ենք ունեցել Ելենա Արշակյանի հետ,ներկայացրել եմ իրավիճակը, ստացել բանավոր համաձայնություն նախագիծն ավարտելու մասին, իսկ նկարահանման օրերի քանակի հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել: Ես ստորագրել եմ «Արմենիա» ՀԸ-ի հետ պայմանագիր, որտեղ, բնականաբար, նշվում է, որ ուրիշ նախագծում նկարահանվելու թույլտվություն և հնարավորություն չունեմ, բայց քանի որ իրավիճակն այլ էր և մենք ունեինք նախապես պայմանավորվածություն, ենթադրեցի, որ դա չի վերաբերվում այդ կետին, այսինքն՝ պայմանագրում չենք նշել «Շանթի» նախագծի հետ կապված բանավոր պայմանավորվածությունը»:

Մերին կարևոր համարեց շեշտել, որ այստեղ հարաբերություններ պարզելու կամ գերադասել-չգերադասելու ոչինչ չկա, քանի որ խոսքն ազնվության մասին է.

«Ինձ համար կարևորը պատասխանտվությունն էր, որը ես ունեի «Շանթ»-ի հանդեպ, որովհետև այնտեղ նախագիծը կիսատ չէի թողնելու, ցանկացած պարագայում: Ես դա զգուշացրել եմ իրենց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Մերին ստեղծագործական խմբի հետ որևէ խնդիր է ունեցել, որն էլ իր հերթին կարող էր նպաստել այդ որոշմանը.

«Ո՜չ, ես ստեղծագործական կազմի հետ որևէ խնդիր չեմ ունեցել և չունեմ, մենք նույնիսկ հասցրել ենք կարոտել իրար, շատ հաճելի էր մեզ միամյանց հետ աշխատելը, մենք նույնիսկ մանր կոնֆլիկտ չենք ունեցել: Երկու նախագծերից ես ընտրեցի «Երկուսով»ը, քանի որ այլընտրանք չունեի, «Արմենիա» ՀԸ-ի նախագիծը շարունակելու միակ հնարավորությունը «Շանթի»-ի նախագծից հրաժարվելն էր, բայց ես չէի կարող դա անել, մարդկային չէր լինի»:

Մերիի կարծիքով՝ խնդիրը պայմանագիր ստորագրելը չէ, այլ մարդկանց վստահելը: Սերիալում նկարահանվելը նա ուղղակի աշխատանք է համարում, նշելով, որ անգամ չի էլ ցանկանում , որ հասարակությունն իր մասին խոսի, հիշեցնելով իր՝ այսքան ժամանակ հարցազրույցներ չտալու հանգամանքը: Նա իր այս հարցազրույցը բացատրում է սեփական անվան շուրջ խմորվող տարակարծություններով ու հասարակական սխալ կարծիքի ձևակերպմամբ.

«Հիմա պիտի խոսեի, որովհետև հոլովվում է իմ պատասխանատվությունն ու մարդկային տեսակը: Ես, իհարկե, լավ հասկանում եմ, որ իրավական հարթության վրա բանավոր պայմանավորվածությունը ոչինչ է, բայց այսպես ստացվեց,քանի որ ես մարդկային խոսքն ու վստահությունը գերադասեցի փաստաթղթից»:

Նա ցավում է տեղի ունեցածի համար և հայցում հեռուստադիտողի ներողամտությունը.

«Ես ուզում եմ անկեղծորեն հայցել հեռուստադիտողի ներողամտությունը, քանի որ ես էլ, որպես հեռուստադիտող, լավ գիտեմ, թե ինչ տհաճ է, երբ նախագծի կեսից դերասան է փոխվում»:

Այս պարագայում դերասանուհին կարևորում է նաև հասարակության՝ սեփական դատողությամբ առաջնորդվելու և խնդրի էույթունը խորապես ընկալելու կարևորությունը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր կարծիք ձևավորելուց և այն արահայտելուց առաջ գոնե մի քանի րոպե օգտագործում են սեփական դատողությունը՝ իրավիճակը խորապես հասկանալու համար: Որովհետև, եթե հիմա իրավիճակին տրամաբանորեն մոտենանք, կհասկանանք, որ ամեն ինչ բոլորովին այլ է, քան ներկայացվում է: Սա դիրքորոշման խնդիր էր, եթե նման խոստում տված լինեի «Արմենիա ԹՎ»-ին, վստահաբար, նույնը կանեի»-զրույցը եզրափակեց Մերին:

Հարցազրույցը՝  Yelaket.am

Դիտվել է 512962անգամ
Վերջին լուրեր