«Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու զոհի վերադարձրինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի, որտեղ Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրում մեծ տոնական խարույկ է վառել ու դիմել ադրբեջանցի ժողովրդին:
Ինչպես նշում է Minval.az-ը, Ալիևի խոսքը մեծամասամբ նվիրված է եղել Արցախյան երկրորդ պատերազմին ու դրա արդյունքներին:
Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, թե իբր կանգնած է «հինավուրց ադրբեջանական հողի վրա և որ Շուշին պատմական ադրբեջանական քաղաք է»:
Խոսելով պատերազմում Շուշիի համար մղված մարտերի մասին՝ Ալիևն ասել է, որ «հայկական կողմն այդ մարտերում ունեցել է հարյուրավոր, միգուցե մինչև հազար զոհ»:
«Մեր նպատակը Շուշին էր: Պատերազմի ընթացքում «ազատագրվել է» ավելի քան 300 գյուղ ու քաղաք: Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու զոհի վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները: Այսպիսով, մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «Ադրբեջանը երբեք չէր համակերպվել Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության հետ»: