Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2021 : 11-13

ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։ ՈՒ ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։

2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։

Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։

Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։

Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել։

Դիտվել է 16009անգամ
Վերջին լուրեր