24 / Մարտ / 2021 : 10-32

Պատրաստեք ձուկը այս եղանակով․ պարզապես հալվում է բերանում

Այս եղանակով պատրաստելու համար հարմար է ցանկացած միջին չափսի ձուկ: Շատ համեղ և հյութեղ է ստացվում: Միայն թե՝ փշոտ ձկների դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ փշերը չեն «հալվում», ինչպես տապակելու պարագայում:

Անհրաժեշտ մթերքները

միջին կամ փոքր չափսի ձուկ(4-5 հատ)

Լոլիկ-6-7 հատ

Կիտրոն-1-2 հատ

Սամիթ-մի փունջ

Թարխուն-մի քանի ճյուղ

Կծու թարմ պղպեղ- ըստ ճաշակի

Կարագ-100 գրամ

Սպիտակ չոր գինի-100

աղ,

սև պղպեղ-ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրեք, լավ լվացեք: Եթե թարմ եւ փոքրիկ ձկնիկներ են, կարող եք չհեռացնել լողակները, հակառակ դեպքում՝ կտրեք ինչպես կողքի, այնպես էլ պոչի լողակները: Լվացեք բանջարեղենն ու կանաչին:

Հրակայուն ամանի (մետաղյա, ապակյա) հատակին շարեք սամիթի մի մասը և թարխուն: Վրան դրեք մի քանի շերտ կտրատած լոլիկ և կիտրոնի 1-2 շերտ: Կանաչու և բանջարեղենի վրա պետք է դրվեն ձկները, բայց այնպես, որ ձկները չդիպչեն ամանին, այլ լինեն կանաչու և բանջարեղենի վրա:

Ձկների փորիկների մեջ և վրան աղ ու պղպեղ ցանեք, փորիկների մեջ տեղավորեք մեկական շերտ կիտրոն եւ լոլիկ եւ մեկական ճյուղ թարխուն:Վրայից ձկները ծածկեք սամիթով, թարխունով, բանջարեղենով: Ապա դրեք մի քանի կտոր կարագ, մի քանի կտոր կծու պղպեղ, նորից աղ եւ սեւ պղպեղ արեք, լցրեք գինին (մոտ կես բաժակ) եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 40-45 րոպեով:

Եթե տեսնեք, որ ձկան աչքը «դուրս է եկել», ապա այն պատրաստ է: Մատուցեք ձուկը՝ վրան դնելով իր հետ եփված բանջարեղենից եւ լցնելով մեկ-երկու գդալ այն հյութից, որն առաջացել է եփվելու ընթացքում:

Բարի ախորժակ։

Դիտվել է 58406անգամ
Վերջին լուրեր