Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր
Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով երկրի պետական սահմանապահ ծառայությանը, գրում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին` տեղի ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում, «Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղի մոտ գտնվող Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում»։
Զինծառայողները տագնապի ազդանշանով են գործել, սպասարկման գոտին ամբողջովին փակվել է։ Գործողությունների ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորում է ստացել, երկրորդը թաքնվել է դեպքի վայրից և անցել Իրանի տարածք։
Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են Ֆիզուլիի (Վարանդա) ախտորոշիչ կենտրոն:
Դեպքի վայրում ընդհանուր 5,3 կգ քաշով երկու տուփ թմրանյութ է հայտնաբերվել։
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ֆիզուլին անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։