09 / Ապրիլ / 2021 : 12-40

Կյանքից հեռացել է Հրայր Հովնանյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը: Նրա մահվան կապակցությամբ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը մահախոսական է գրել։

 
 «Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե­ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու­թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:

Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահ­կա­նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:

Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա­հաբար կարող ենք արձա­նա­գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս­նակ­ցության՝

չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա­ջողություններին, ինչը պատմական իրողություն է,
Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա­հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,
այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ,
չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո­տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:
Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:

 

Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե­գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու­րաց ծառայելով:

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու­թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ­նա­հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայ­րենիքում:


Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրա՛յր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:

Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:

Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:

Դիտվել է 16623անգամ
Վերջին լուրեր