15 / Ապրիլ / 2021 : 10-52
Բայդենը հայտարարել է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ ԱՄՆ նախագահը ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը՝ չնայած քննադատները նախազգուշացնում են, որ այնտեղ խաղաղությունը երաշխավորված չէ։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորականներն Աֆղանստանից կվերադառնան մինչև սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ում կնշեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 20 տարին։
Աֆղանստանում գտնվող 2500 ամերիկացի զինվորականները, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների 7000 զինվորականները, այդ թվում՝ 750-ը Մեծ Բրիտանիայից, աստիճանաբար Աֆղանստանից դուրս կգան մայիսի 1-ից։
«Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ, ում ղեկավարության օրոք ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Երկու հանրապետականներ և երկու դեմոկրատներ։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին․․․ Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատև պատերազմին։ Ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան», – ասել է Բայդենը։
Սեպտեմբերի 11-ը խորհրդանշական օր է։ 20 տարի առաջ այդ օրը ԱՄՆ-ի վրա «Ալ-Քաիդայի» կատարած հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պատերազմ է սկսել Աֆղանստանում։
Գործակալությունը հաղորդում է, որ հակամարտության ընթացքում 2400 ամերիկացի զինվորական է զոհվել։ Պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է մոտ 2 տրիլիոն դոլար։ 2011 թ.-ին Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում էր 100 հազարը։
Դիտվել է 5390անգամ
Վերջին լուրեր