21 / Ապրիլ / 2021 : 19-11

Ալիևը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այս մասին մասին Փաշինյանը հայտարարել է Սյունիքում անցկացրած խորհրդակցության ընթացքում:
«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:
Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում, ըստ էության շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:
Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:
Դիտվել է 8194անգամ
Վերջին լուրեր