24 / Ապրիլ / 2021 : 21-05

«Ամերիկայի ժողովուրդը պատվում է բոլոր այն հայերին, ովքեր զոհ գնացին 106 տարի առաջ սկսված Ցեղասպանությանը»․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը

ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված նախագահական ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածը որակվեց «ցեղասպանություն»:
Այսպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգները, պատմության մեջ առաջին անգամը լինելով, նաեւ նախագահի մակարդակով է 1915-1923 թվականների իրադարձությունները ճանաչում որպես ցեղասպանություն:
Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը․
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և ինքներս մեզ նվիրում ենք նման դաժանությունների կրկնությունն այլեւս երբեք թույլ չտալու գործին: Օսմանյան իշխանությունների կողմից Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականության ու հայկական համայնքի ղեկավարների ձերբակալություններով սկսվեցին մեկ եւ կես միլիոն հայերի տեղահանությունը, ջարդերն ու դեպի մահվան ճանապարհն ուղարկելու գործողությունները: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, այնպես, որպեսզի այն սարսափները, որոնք տեղի ունեցան, երբեք այլեւս չկրկնվեն: Մենք հիշում ենք նաեւ, որպեսզի շարունակենք լինել զգոն` ատելության քայքայիչ ազդեցության դեմ պայքարում:
Փրկվածների մեծ մասը ստիպված էին գտնել նոր հայրենիք ու սկսել նոր կյանք աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում Միացյալ Նահանգներում: Կամքի ու ճկունության արդյունքում հայ ժողովուրդը վերապրեց ու կառուցեց իր համայքները: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգները տարբեր միջոցներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը նրանց նախինիներին բերել էր դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք հասկանում ենք նրանց ցավը: Մենք ճանաչում ենք պատմությունը: Ու դա մենք անում ենք ոչ թե մեղադրելու, այլ կատարվածն այլեւս չկրկնվելու համար:
Այսօր, երբ մենք սգում ենք կորստի համար, միեւնույն ժամանակ պետք է հառենք մեր աչքերը դեպի ապագան, դեպի այն աշխարհը, որն ուզում ենք կառուցել մեր զավակների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ բոլոր մարդիկ իրենց կյանքը կարող ապրել արժանապատիվ և անվտանգ կյանք: Եկեք նորոգենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:
Ամերիկայի ժողովուրդը պատվում է բոլոր այն հայերին, ովքեր զոհ գնացին 106 տարի առաջ սկսված Ցեղասպանությանը»,- ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում:
Ամերիկայի Ձայն
Դիտվել է 46222անգամ
Վերջին լուրեր