25 / Ապրիլ / 2021 : 14-46

Թուրքիան պատասխանատվության կենթարկվի

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով Թուրքիան պատասխանատվության կենթարկվի մարդու իրավունքների ոտնահարման համար, գրում America magazine պարբերականը։
Ալեքս Գալիցկին ու Սթիվեն Հոուարդը America magazine պարբերականում հոդված են հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ԱՄՆ նախագահի՝ Հիշատակի օրվա ամենամյա ելույթին ու «Ցեղասպանություն» եզրույթի հավանական օգտագործմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա ճնշումներն աճում են, որի նպատակն է ստիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պատասխանատվություն ստանձնել Թուրքիայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ պայքարի համար: Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանություն անվանելու ԱՄՆ նախագահի որոշումը նշանակալից քայլ կլինի մարդու իրավունքներին ԱՄՆ-ի նվիրվածության հաստատման գործում:
Պարբերականը նշում է, որ ժամանակակից Թուրքիան հիմնադրվել է խորապես մութ և մտահոգիչ հիմքի վրա, որը ավելի քան 100 տարի անց էլ դեռևս չի ճանաչվել: Օսմանյան կայսրությունը՝ բնիկ քրիստոնյա բնակչության դեմ ցեղասպանության արշավի շրջանակում, սպանել է շուրջ 3 մլն հայերի, հույների, ասորիներ և շատ այլ ազգերի:
Հոդվածագիրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ գիտակցում է, որ միայն անցյալի մղձավանջի հետ առճակատվելով Թուրքիան կկարողանա պայքարել այժմյան բռնությունների դեմ, և այդ դեպքում միայն իրական ժողովրդավարությունը կարող է արմատներ ձգել:
Պարբերականն անդրադարձել է նաև վերջերս Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմի հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել՝ տեղահան են եղել տասնյակ հազարավոր հայեր, ավերվել են քրիստոնեական հայկական ժառանգության նմուշներ: Սա Թուրքիայի կողմից մշակույթի վերացման շարունակությունն է վերջին տասնյամյակների ընթացքում: Դրա վերջին վկայությունը Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն է:
Դիտվել է 65269անգամ
Վերջին լուրեր