27 / Ապրիլ / 2021 : 19-44

Թուրք պատգամավորը Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ է սպառնացել Կարո Փայլանին

Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը թիրախավորել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր: Գրում է ermenihaber.am-ը։
Օզդաղը Փայլանի հայտարարությանը հետևյալ կերպ է արձագանքել.
«Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:
Նշենք, որ Փայլանը ապրիլի 24-ին գրել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:
Հայ պատգամավորը շարունակելով գրառումը, գրել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:
Դիտվել է 11990անգամ
Վերջին լուրեր