30 / Ապրիլ / 2021 : 13-33

Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում՝ (Ջաբրայիլ) Իրանի հետ սահմանին, տեղակայվել են նաև իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ

Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայելի արած «լավության տակից»: Այս մասին իր էջում գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա մասնավորապես գրել է․
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայից բացի, Ադրբեջանին արված «լավության դիմաց» (օրինակ՝ պատերազմի ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցած սպառազինությունների անխափան մատակարարումները) աստիճանաբար պարտքերն է պահանջում նաև Իսրայելը։ Ընդ որում, Թել Ավիվի կողմից Ադրբեջանից կորզվող ձեռքբերումները նկատվում են միաժամանակ մի քանի ուղղություններում։
Մասնավորապես, ապրիլի 29-ին իսրայելական ԶԼՄ-ները տարածել են Իսրայելի ԱԳ նախարարության և նախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունն առ այն, որ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում նշվել է, թե ընթացիկ տարի Ադրբեջանն Իսրայելում կբացի դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ «Սա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար...Մենք կշարունակենք աշխատել՝ Ադրբեջանի հետ ԿԱՐԵՎՈՐ հարաբերություններ զարգացնելու և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է Աշքենազին:
Վերոնշյալի համատեքստում վստահաբար կարելի է պնդել, որ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության դիմաց Թել Ավիվի առանցային ակնկալիքներից մեկն Իսրայելում դեսպանատուն բացելու պատասխան քայլն է, որից մշտապես խուսափել է Ադրբեջանը(Բաքվում հրեական պետության դեսպանատունը գործում է 1993թ.-ից)՝ իսլամական երկրների և հատկապես Իրանի զայրույթը չհարուցելու պատճառով։ Բաքվի նման դիրքորոշումը պայմանավորված էր նաև արցախյան հիմնախնդրում համամուսուլմանական համախոհության հասնելու նպատակով։
Մինչդեռ արցախյան վերջին պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունները՝ հատկապես Իսրայելի՝ բազմաթիվ մուսուլմանական երկրներից շատ ավելի առարկայական աջակցության ցուցաբերումն օբյեկտիվորեն համարժեք վերաբերմունքի պահանջ է առաջացնում։ Ավելին, չի բացառվում, որ իսրայելական կողմը կպարտադրի Բաքվին առևտրային կենտրոնը, հետագայում նաև դեսպանատունը բացել ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում, որը սահմանափակ երկրներ են ճանաչել՝ որպես Իսրայել պետության մայրաքաղաք։ Այս թեմայի հետ կապված մեկ այլ ուշագրավ իրողություն ևս. ադրբեջանական ԶԼՄ-ները բացվելիք կառույցի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ շեշտադրմամբ տեղեկատվությունը տարածել են՝ իսրայելական սկզբնաղբյուրներին կատարած հղումով։ Սա կարող է նշանակել, որ պաշտոնական Բաքուն ձգտել է չբարձրաձայնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման մտադրությունը՝ իսլամական երկրների բացասական վերաբերմունքին չարժանանալու համար։
Մինչդեռ ինչն է հետաքրքիր՝ հետպատերազմյան շրջանում վերոնշյալը նոր ոլորտներում իսրայելաադրբեջանական համագործակցության եզակի օրինակ չէ։ Մասնավորապես, իսրայելական ընկերություններն ակտիվորեն ներգրավվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած շրջաններում ծրագրվող շինարարական աշխատանքներում։ Օրինակ՝ Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը բնակավայրը՝ որպես «խելացի գյուղ» վերակառուցելու աշխատանքներում ուղղակիորեն մասնակցում են նաև իսրայելական ընկերություններ։
Եվ սա այն դեպքում, երբ, չնայած համակողմանի բանակցություններին, շինարարական աշխատանքներին որևէ կերպ չի կարողանում մասնակցել, օրինակ, Իրանը։ Մասնավորապես, ըստ Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունների արտահանման միության ղեկավար Բեհման Սալեհիի, չնայած ադրբեջանական կողմի բազմակի խոստումներին, «ցայժմ իրանական որևէ ընկերություն չի մասնակցում Ղարաբաղի վերակառուցմանը»։
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս, որը վստահահաբար բավականաչափ մտահոգիչ կարող է լինել դարձյալ նույն Թեհրանի համար։ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ ԻԻՀ հետ սահմանին, Ադրբեջանի ՊՍԾ նոր բացված զորամասում տեղակայվել են նաև իսրայելական արտադրության ԱԹՍ֊ներ, ինչից կարելի է ենթադրել նաև շրջանում իսրայելական ռազմական ներկայության մասին։ Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ակնկալվող Վաշինգտոն-Թեհրան համաձայնության ֆոնին Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի կողմից պարբերաբար հայտարարվող ինքնուրույն գործողությունների համատեքստում։ Իսկ այս ուղղությամբ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից մշտապես, որպես ամենապատեհ պլաց-դարմ, դիտարկվել է հենց Ադրբեջանի տարածքը։
Դիտվել է 24860անգամ
Վերջին լուրեր