Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից․ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։
Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։
Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»:
Հիշեցնենք, որ երեկ ազատման դիմում էր գրել նաև Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ով իր հայտարաոպւթյան մեջ նշել էր, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված է գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։