05 / Մայիս / 2021 : 12-37

Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը կթույլատրվի միայն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` սահմանելով, որ գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Գործող կարգավորմամբ՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Այդ գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նախագծի զեկուցմանը ներկայացրել էր կառավարության մտահոգությունը, որ ծավալային սահմանափակման նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը բացակայում է, և կարգավորման հնարավորությունը գտնվում է ժամային վերահսկողության ներքո, որը օրենքի ընդունումից հետո կիրականացվի ՊԵԿ-ի հանձառության ստանձնմամբ:

Դիտվել է 6673անգամ
Վերջին լուրեր