19 / Մայիս / 2021 : 13-10

ԱՄՆ պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս Հայաստան և Ադրբեջան չայցելել


ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս նաև Ադրբեջան չայցելել։

Հայաստանի բաժնում նշվում է, որ խորհուրդ է տրվում Հայաստան չճանապարհորդել COVID-19 պատճառով, քանի որ որոշ տարածքներում վտանգը մեծացել է։ Բացի այդ, նշվում է նաև, որ չպետք է ճանապարհորդել նաև Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ՝ վերջին պատերազմական գործողությունների պատճառով։ Ասվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող այնտեղ իր քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերել, քանի որ մուտքը սահմանափակ է։ Բացի այդ, ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մոտ ճանապարհներից։

Ադրբեջան էլ խորհուրդ չի տրվում այցելել COVID-19-ի, ինչպես նաև, որ ուշագրավ է, ահաբեկչության վտանգի պատճառով։ Նշված է, որ Ադրբեջանին երկար տարիներ սպառնում են ահաբեկչական խմբերը, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում։ «Այդ պատճառով խուսափեք Իրան-Ադրբեջան սահման անհարկի ճամփորդությունից։ Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները, խանութները, տեղական կառավարական օբյեկտները, հյուրանոցները, ռեստորանները, ակումբները, պաշտամունքի վայրերը, զբոսայգիներ, սպորտային և մշակութային խոշոր միջոցառումները, ուսումնական հաստատությունները, օդանավակայանները և այլ հանրային տարածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտվել է 19202անգամ
Վերջին լուրեր