04 / Մարտ / 2016 : 19-42

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԲԵՄԵՐՈՒՄ ՎԱՀԱԳՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅ ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՄԵԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այս տարի առաջին անգամ Ֆուջերիայի խոշորագույն միջազգային մշակութային փառատոնին մասնակցել է նաև Հայաստանը։ Մեր պատվիրակությունը գլխավորել է մենակատար պարող, բեմադրող-պարուսույց Վահագն Կիրակոսյանը, ով արաբական աշխարհի երկու խոշոր մշակութային իրադարձություններին մասննակցելուց հետո մեզ հետ կիսվել է իր տպավորություններով։ Փետրվարի 19- 29 Ֆուջերայում Շեյխ Համմադ Բին Մոհամմադ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո և անմիջական մասնակցությամբ անցկացվել է ամենամյա միջազգային մշակութային փառատոնը, որին մասնակցում են մշակութային խմբեր ու պատվիրակություններ տարբեր երկրներից։ Դա մշակութային նախադեպը չունեցող խոշոր իրադարձություն է, որով արաբական աշխարհը ինքնատիպ խաչմերուկ է դառնում աշխարհի ժողովուրդների յուրահատուկ մշակույթի համար։ Ամերիկայից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Հարավային Կովկասից և այլ աշխարհամասերից ժամանած պատվիրակություններն իրենց թատերական, երաժշտական, պարային ու արվեստի այլ՝ իրենց երկրի ոլորտի լավագույն խմբերով ներկայացնում էին սեփական մշակույթը։ Այս խոշոր փառատոնին մասնակցել են 55 պետությունների առաջատար ներկայացուցիչներ։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացել էր ազգային պարով, իսկ ամբողջ բեմադրությունների հեղինակն ու պատվիրակության ղեկավարը եղել է Վահագն Կիրակոսյանը։ «Երբ հրավերտ ստացանք, մի կողմից ոգևորվեցինք, մյուս կողմից՝ շատ պարտավորվեցինք, որովհետև շատ հազվադեպ է լինում, երբ նմանատիպ խոշոր միջազգային փառատոնից սեփական երկիրդ ներկայացնելու հրավեր ես ստանում,-մեզ հետ զրույցում նշեց Վահագն Կիրակոսյանը,- Այս մասնակցության որակից ու մեր ներկայանալու ձևից էր կախված լինելու Հայաստանի հետագա մասնակցությունը։ Որոշեցի, որ ինչքան էլ դժվար լինի, պետք է բարձր որակով, բացառիկ պատրաստվածությամբ ու շատ պրոֆեսիոնալ ներկայացնենք մեր ազգային պարերը այս միջազգային փառատոնում։ Մեզ հաջողվեց գրավել և հանդիսատեսին, և, որ ամենակարևորն է, մասնակից օտար պետությունների ներկայացուցիչների ուշադրությունը։ Այստեղ էլ մի քանի հրավեր ստացանք այլ երկրներից, որոնցով պետք է զբաղվենք առաջիկայում։ Հաջողության մեկ այլ չափանիշն էլ հենց այն է, որ մենք ապահովեցինք Հայաստանի մասնակցությունը Ֆուջերիայի ամենամյա միջազգային մշակութային փառատոնի հաջորդ տարիների ընթացքին»։
Վահագն Կիրակոսյանն այս փառատոնից հետո այլ պարողների հետ արդեն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ, մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» խոշորագույն բալետային ներկայացմանը։ Այս նախագծի հեղինակն ու իրականացնողը Օրնինա միջազգային պարային թատրոնն է, որը «Մետքասի ճանապարհ» ներկայացումով փորձել է վերականգնել և աշխարհին ցույց տալ արևելքի երբեմնի մշակութային խոշոր ժառանգությունը։ Բալետային ներկայացման համար լավագույն հրավիրվել են Կիևի, Ռուսաստանի և Հայաստանի ազգային բալետիառաջատար պարողներ ու մենակատարներ։ Մասկատի Արքայական օպերայի բեմում «Մետքասի ճանապարհ» ներկայացումը բեմադրվեց փետրվարի 25-ին և 26-ին։ Հայ պարողների պարային բեմադրությամբ ու գեղարվեստական ծրագրով զբաղվել է Վահագն Կիրակոսյանը, ով մեզ հետ զրույցում առանձնակի կարևորեց Օմանի ազգային-արքայական օպերայի պալատում ունեցած բեմելը։ «Ես աշխարհի տարբեր երկրների բեմերում եմ պարել, հպարտությամբ եմ ամեն անգամ դուրս գալիս նաև մեր՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ, բայց Մուսկատի օպերայի արքայական պալատն առանձնակի կարևորություն ունեցավ մեր երկիրը և մեզ՝ որպես անհատ պարողներ ներկայացնելու հարցում,-նշում է Վահագն Կիրակոսյանը։- Մենք պարեցինք ամենապրոֆեսիոնալ ու ամենաբարձր մակարդակով բեմադրվված ներկայացման մեջ, որը մեծ հնչեղություն ունեցավ։ 60 պարող՝ ամենահեղինակավոր թատրոններից բեմի վրա էին, միասին վերարտադրեցինք արևելքի երբեմնի հեղինակավոր առևտրային կենցաղն ու հարուստ մշակույթը՝ հանդիսատեսին փոխանցելով տպավորիչ ակնթարթներ։ Սա իսկապես հսկայական աշխատանք էր, որի համար պատրաստվել էինք մոտ երկու տարի, իսկ այն, որ այս ներկայացումը կրկնություն է ունենալու, արդեն իսկ խոսում է մեր հաջողության համար»։
Արաբական աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու այս երկու խոշոր նախագծերին մասնակցելուց հետո, բեմադրող-պարուսույց Վահագն Կիրակոսյանն անկեղծանում է՝ նոր գաղափարներ ունի իրագործելու համար, որոնք հայկական պարարվեստն ավելի բարձր ու մեծ բեմերից պիտի ներկայկացնի աշխարհին՝ ավելի նորացված ու ժամանակակից հանդիսատեսին ընկալելի տարբերակներով։ «Ես հիմա մի անհավանական գաղափար ունեմ՝ պարային բեմադրությունը դարձնեմ ժամանակակից տեխնոլոգիաերով մի գրավիչ երևույթ։Դա հազվագյուտ ծրագիր է, որի նման շատ քիչ օրինակներ կան աշխարհում։ Կարելի է նաև ասել՝ այն ինչ մտածել եմ, դեռևս ոչ ոք չի համարձակվել իրագործել, ուստի ինչ-որ իմաստով նաև այս հարցում մենք առաջինը կլինենք։ Երբ հաջողեմ՝ խոստանում եմ ձեզ հետ առաջինը կիսվել այս մասին»,-նշեց Վահագն Կիրակոսյանն ու հավելեց՝ շատ մոտ ապագայում ննորություններ անպայման կլինեն։
Դիտվել է 8900անգամ
Վերջին լուրեր