Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 12-51

Պետությունը մի օր կհասկանա, որ չինովնիկը, անգամ առողջապահության նախարարը, մասնագիտական որոշումների համար անհրաժեշտ գիտելիք չունի․ նույնիսկ կառավարչական գիտելիքներն են մեծ հարցականի տակ․ մասնագետներ


Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են բժշկական մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացմանը եվ նրանց ավելի մեծ կարգավորիչ գործառույթներ շնորհելուն․
«Բժշկության , որպես առանձին գիտություն և ոլորտ, զարգացմանը զուգահեռ բժշկությամբ զբաղվող մարդիկ՝ հասկանալով իրենց առաքելության կարևորությունը և ձգտելով որոշակիորեն կարգավորել բժշկությամբ զբաղվել ցանկացողների գործունեությունը, սկսեցին հիմնել բժշկագիտական դպրոցներ, կենտրոններ, որոնց անդամակցելը ամրագրվում էր երդումով, խոստումով կամ ոսկով: Բժիշկները սկսեցին հասկանալ , որ ճիշտ կլինի, եթե իրենց գործունեության մասով որոշումների կայացումը իրականացնեն իրենք: Այսպես հիմք էր դրվում առաջին բժշկական մասնագիտական միավորումների:
1734 թվականին այն ժամանակվա ամենաառաջադեմ բժշկություն ունեցող երկրներից մեկի՝ Շոտլանդիայի, իսկ ավելի ստույգ` Էդինբուրդի համալսարանի բժշկական դպրոցի մի քանի սաներ որոշում են գնալ անատոմիկում և մի քիչ անատոմիա պարապել դիակների վրա: Արդեն անատոմիկում պարզվում է, որ այդ օրը միայն մեկ դիակ կա այնտեղ, և ուսանողները չեն կարողանում որոշել, թե ով պետք է առաջինը հերձումն անի: Բանը գրեթե հասնում է վեճի, և նրանք որոշում են ստեղծել մի միություն, որը կկարգավորի այդ և բազմաթիվ այլ հարցեր, որոնք առաջանում էին համալսարանում: 1737 թվականին նրանք ստեղծում են «Բժշկական Միությունը» , որը թագավորական գրանցում է ստանում 1778–ին: Այսպես ստեղծվում է Մեծ Բրիտանիայի «Թագավորական բժշկական միությունը»(Royal medical society), որը ամենահինն է համարվում` , չնայած, որ այդ տիտղոսը երբեմն վիճարկում է Լոնդոնում հիմնադրված «Դեղագործների միությունը»( Society of Apothecaries )` պնդելով, որ նրանք հիմնադրվել են 1617-ին:Բժշկագիտության զարգացման համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ կայուն զարգացող և լավ կարգավորվող համակարգ ունեն այն երկրները, որոնք ունեն ուժեղ բժշկական մասնագիտական ասոցիացիաներ, որոնց պետությունը պատվիրակել է բավականին կարևոր կարգավորիչ գործառույթներ: Կան երկրներ,օրինակ ԱՄՆ-ն, որտեղ առողջապահության բնագավառի գրեթե ողջ կարգավորումը վերապահված է մասնագիտական ասոցիացիաներին, և նրանք փայլուն կերպով իրականացնում են դա:

Մենք տարիներ շարունակ փորձում ենք կամ գոնե հայտարարում ենք, որ փորձում ենք կարևորել և ուժեղացնել մեր բժշկական մասնագիտական ասոցիացիաները, սակայն սայլը գրեթե չի շարժվել տեղից: Մենք մինչ օրս չունենք այդ ասոցիացիաների գործունեության օրենսդրական կարգավորում, և նրանք գրանցում են ստանում որպես սովորական ՀԿ-ներ: Պատկերացրեք, որ մեր երկրում կարող են ցանկացած 2-3 հոգի հավաքվել և ստեղծել մասնագիտական ասոցիացիա: Արդյունքում ունենք մոտ 18 ասոցիացիա միայն ստոմատոլոգիայում, գրեթե չկա բժշկական ուղղություն, որով չունենանք մեկից ավելի նմանատիպ կառույց: Ընդհանուր առմամբ դրանք ավելի քան 200-ն են, և նրանց բացարձակ մեծամասնությունը գոյություն ունի զուտ թղթի վրա:

Այս իրավիճակը արմատական փոփոխություններ է ուզում: Մենք պետք է առանձին օրենք ընդունենք բժշկական մասնագիտական ասոցիացիաների մասին, կարգավորենք անդամության հարցերը, սահմանենք չափանիշներ, տանք լիազորություններ: Իմ համոզմամբ Հայաստանում բժիշկը պետք է մասնագիտական գործունեության լուրջ դժվարություններ ունենա, եթե նա այս կամ այն ասոցիացիայի անդամ չէ , չի վճարում անդամավճար և ներդրում չունի համակարգի կայացման և ինքնակարգավորման գործում: Նաև պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ ձևականորեն հիմնադրված կամ ոչ բավարար ակտիվություն ունեցող ասոցիացիաները կա’մ փակվեն, կա’մ միավորվեն ու խոշորանան:

Պետությունը մի օր կհասկանա, որ պետական չինովնիկը՝, նույնիսկ եթե նա առողջապահության նախարարն է, զուտ մասնագիտական դաշտում կայացվող որոշումների համար անհրաժեշտ գիտելիքներ չունի: Նրանց մեծ մասի նույնիսկ ոլորտային և կառավարչական գիտելիքներն են մեծ հարցականի տակ : Եվ մի գեղեցիկ օր պետությունը կորոշի կառավարչական և կարգավորման որոշ գործառույթներ հանձնել ասոցիացիաներին: Այդ օրը անխուսափելիորեն գալու է, և այդ օրվան մեր ասոցիացիաները պետք է պատրաստ լինեն,. նրանք արդեն բավական հզորացած պետք է լինեն, որ կարողանան այդ բեռը տանել:

Իսկ ի՞նչ կարող են և պետք է իրականացնեն նրանք: Իմ կարծիքով մասնագիտական ասոցիացիաների գործունեության տիրույթում պետք է լինեն.

Բուժաշխատողների հաշվառման և ռեգիստրի վարման աշխատանքները։

Բուժաշխատողների աշխատանքային գործունեության թույլտվության կամ այդ թույլտվությունը հետ կանչելու գործառույթը՝ ներառյալ լիցենզավորում, հավաստագրում:
Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների իրականցումը, կրեդիտների շնորհումը և դրա նկատմամբ վերահսկողությունը։Կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի մշակումն ու ներդրումը։
Առողջապահության բնագավառի մասնագիտությունների ցանկի մշակումը և թարմացումները։
Վերոնշյալ ցանկին համապատասխան մասնագետների որակավորման բնութագրերի մշակումը։
Հետբուհական կրթական ծրագրերի մշակմանը և իրականացման որակի նկատմամբ վերահսկողությանը անմիջական մասնակցություն։
Վեճերի արտադատարանական լուծում՝ ընդհուպ մինչև անկախ փորձաքննությունների իրականցում։Բուժաշխատողների մասնագիտական ռիսկերի ապահովագրում։
Պետական պատվերով տրամադրվող բուժօգնության ծավալների, դրամական հատկացումների չափի որոշման և նորմատիվների սահմանման հարցում էական մասնակցություն և դերակատարում:
Ոլորտային բոլոր ռազմավարական փաստաթղթերի մշակմանը լիակատար մասնակցություն:
Սրանք լրջագույն գործառույթներ են, և մենք քայլ առ քայլ պետք է գնանք դրանք մասնագիտական ասոցիացիաներին պատվիրակելու ուղղությամբ: Երբ մենք կունենանք ուժեղ ասոցիացիաներ, կվերանա նախարարին կից գլխավոր մասնագետներ կամ խորհրդատուներ ունենալու անհրաժեշտությունը, բուժաշխատողները իրենց ավելի պաշտպանված կզգան, ոլորտային փաստաթղթերը չեն թվա օդից վերցված և իրագործման տեսանկյունից անհեռանկար: Մենք արդեն իսկ գնում ենք այդ ուղղությամբ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք մի քանի ուժեղ և կայացած մասնագիտական ասոցիացիաներ: Դրանք չեմ թվարկի, քանի որ բժիշկները շատ լավ գիտեն դրանց մասին: Իհարկե, նման ասոցիացիաները դեռ փոքրաքանակ են, դրանք պետք է շատանան, պետք է հզորանան և հարստանան: Միայն ֆինանսապես կայուն և պետության կողմից լուրջ աջակցություն ստացող ասոցիացիաները կկարողանան բեկում մտցնել մեր համակարգում:
Հարգանքով
Արմեն Չարչյան
Սամվել Սողոմոնյան»:
Դիտվել է 11030անգամ
Վերջին լուրեր