13 / Հունիս / 2021 : 13-24

Գյուղերում և փոքր համայնքներում պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, իսկ Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները. մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջության առաջնային պահպանմանը.Առողջապահությունը սկսվում է արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնության կազմակերպումից, ներկա տերմինաբանությամբ՝ առողջության առաջնային պահպանման օղակից: Ուզում ես ունենալ առողջ ժողովուրդ, պետք է ունենաս զարգացած, զինված, կանոնակարգված ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգ: Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը, առաջնային օղակի հիմքում տեսնում են ընտանեկան բժշկին: Ավելի ճիշտ, աշխարհի շատ երկրներ տեսան, մենք այդպես էլ` ո’չ:

Սկզբում ընտանեկան բժիշկները գիտեին ամեն ինչից քիչ-քիչ, բայց այնքան, որ բավարար էր իրենց վստահած մարդկանց առօրյա առողջական խնդիրները լուծելու համար: Անցան տարիներ, և զարգացած Արևմուտքի շատ երկրներում ընտանեկան բժիշկը հասկացավ , որ մենակ դժվար է: Սկսեցին միավորվել մի քանի բժիշկներով և ստեղծեցին գրասենյակներ, որտեղ միասին աշխատում էին, օգնում իրար, կարիքի դեպքում` փոխարինում միմյանց: Բուժում էին այն ծավալով, որին տիրապետում էին, իսկ բարդ դեպքերի և նեղ մասնագիտական կոնսուլտացիաների համար ուղեգրում էին ավելի բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետի մոտ: Հետո մի քիչ էլ անցավ, ու ընտանեկան բժիշկները հասկացան, որ նեղ մասնագետների մոտ հերթեր են, պացիենտը երբեմն երկար ճանապարհ է անցնում մինչև մասնագետին հասնելը, ժամանակ է կորցնում, շատերը դժգոհում են, և որոշեցին այդ նեղ մասնագետներից ամենապահանջվածներին աշխատանք առաջարկել հենց իրենց գրասենյակներում, որ պացիենտը էլ այսկողմ-այնկողմ չգնա: Այդպես ընտանեկան բժիշկների կողքին հայտնվեցին նեղ մասնագետներ: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Եթե ոչ, շարունակեմ մի փոքր պատմական ակնարկով.ԱԱՊ բժիշկը պետք է ստանձնի քաղաքացու, ընտանիքի «առողջության պաշտպանի» ֆունկցիան: Նրա պրիզմայով պետք է անցնեն քաղաքացու առողջությանն ուղղված բոլոր գործողությունները՝ հետազոտության գնալը, նեղ մասնագետի խորհրդատվությունը, վիրահատությունը, ծննդաբերությունը և այլն:

Ամբուլատոր քարտը անհրաժեշտ է վերափոխել «Առողջության պատմության»՝ բնականաբար էլեկտրոնային տարբերակով:Փոխարենը այսօր պոլիկլինիկայի բժիշկը անվերջ գրագրություն է անում, եթե նախկինում միայն թղթային ձևաչափերն էին, ապա այժմ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային են, և բժշկին ժամանակ չի մնում հիվանդին զննելու և բուժական այլ գործողություններ անելու, իսկ որակի մասին էլ չխոսեմ: Հայտարարում են, որ օրինակ շուրջ 25%-ով նրանց աշխատավարձն ավելացել է. գուցե, բայց արդյո՞ք այդ քայլը բերել է բուժօգնության որակի, քաղաքացիների վստահության կամ այլ ցուցանիշների բարելավման. ո՛չ, ընդամենը փոքրիկ ամոքիչ ծրագիր, որը չի կարող որևէ էական ազդեցություն ունենալ: Կարծում եմ` գյուղերում և մարզային փոքր համայնքներում մենք պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, որոնք կառավարվեն խոշոր մարզային հիվանդանոցների կողմից, որոնք կապահովեն նաև նեղ մասնագետների պարբերական այցեր, լաբորատոր հնարավորություններ, իսկ Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները: Առողջապահության համակարգի ֆինանսավորման մեծամասնությունը պետք է ուղղել առաջնային օղակ, բարձրացնել բժիշկների մոտիվացիան, ստեղծել աշխատանքի լավ պայմաններ: Ինչքան շատ ծախսենք կանխարգելման վրա այստեղ, այնքան կթեթևանա երկրի ընդհանուր առողջապահական բեռը, և վերջնական արդյունքում մարդիկ ավելի առողջ կլինեն և ավելի երկար կապրեն:

Պոլիկլինիկաների նեղ մասնագետները պետք է լինեն հիվանդանոցների պրակտիկ աշխատող բժիշկներ, որոնք շաբաթվա մեջ կունենան ամբուլատոր ընդունելության օրեր: Այս մոդելը իդեալական աշխատում է, եթե պոլիկլինիկան գործում է խոշոր բժշկական կենտրոնի կազմում:Եթե շատ փող չդնենք առաջնային օղակի վրա, չենք հաջողի: 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ տվեց երկրներին ԱԱՊ վրա այդ պահին ծախսվող գումարները ավելացնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով:

Նույն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին ընդհանուր առողջապահական ծախսերից ԱԱՊ օղակին հատկացնել մոտ 65 %: Հայաստանում այդ թիվը չի գերազանցում 30%-ը: Ինչքան շատ ծախսենք առաջնային օղակի վրա, այնքան ավելի առողջ հասարակություն կունենանք: Եթե անգամ տասնապատկեք հիվանդանոցների պոտենցիալը, համալրեք նորագույն մեթոդներ կիրառվող բժշկական ծառայություններով, միևնույն է, չենք ունենա մեր ցանկալի առողջ հասարակությունը, չենք արձանագրի առողջապահական ցուցանիշների համընդհանուր բարելավում: Պետք է անցում կատարենք հիվանդ մարդուն բուժելու փիլիսոփայությունից դեպի առողջ մարդու առողջությունը պահպանելու փիլիսոփայության: Ե՛վ ավելի մատչելի կլինի, և՛ ավելի արդյունավետ:Առողջ հասարկություն ունենալու բանալին ԱԱՊ բժշկի ձեռքում է»:

Հարգանքով՝

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան
Դիտվել է 9666անգամ
Վերջին լուրեր