14 / Հունիս / 2021 : 11-39

Անհրաժեշտ է հիվանդանոցները խոշորացնել․ ստեղծել սկրինինգային կենտրոններ, դիաբետի և այլ հիվանդությունների դպրոցներ, որտեղ պացիենտներին կկրթեն` ինչպե՞ս ճիշտ ապրել իրենց հիվանդության հետ․ մասնագետներ


Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են ստացիոնար բուժօգնության խնդիրներին․
«Գիտե՞ք որն է քաղաքական գործչի՝ հատկապես ՀՀ Առողջապահության նախարարի աստեղային ժամը.... երկրի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ կարմիր ժապավեն կտրելը: Այս արարողության կարճաժամկետ օգուտները բազմաթիվ են. հասարակ քաղաքացին ուրախ է, շեֆը գովում է, եթերով ցույց են տալիս, շինարարության ընթացքի բազմաթիվ հնարավոր օգուտների մասին էլ չխոսեմ, որ չնեղացնեմ: Այս գայթակղությանը չի դիմացել նորանկախ Հայաստանի և ոչ մի նախարար՝ նույնիսկ նա, ով պաշտոն ստանձնելուց առաջ կատեգորիկ դեմ էր արտահայտվում նոր հիվանդանոցներ կառուցելուն` առանց դրանց անհրաժեշտության հստակ հաշվարկների: Արդյունքում 3 մլն բնակչության համար մեր փոքր երկրում ունենք 146 մեծ ու փոքր հիվանդանոց: Սա ահռելի մեծ թիվ է, սա կործանարար ու ոչ ռացիոնալ բեռ է: Էստոնիան , որը մեզ համադրելի երկիր է, ունի 18 հիվանդանոց (1991թ-ին ունեին 120), որից 3-ը հանրապետական նշանակության (2 մեծերի և 1 մանկական), 4 քաղաքային և 11 շրջանային: Նիդեռլանդները, որն ունի գրեթե 17 մլն բնակիչ, ունի ընդհամենը 86 հիվանդանոց: Կալիֆորնիայի «Քայզեր Պերմանենտե» հիվանդանոցային ցանցը չի կառուցում որևէ տեղ հիվանդանոց, եթե այնտեղ չի սպասարկելու 500.000 մարդու, իսկ մանկական հիվանդանոց կառուցում է 2 մլն բնակչության համար միայն:
Իսկ մենք վարկեր ենք վերցնում և հիվանդանոցներ կառուցում: Արդյունքում մենք ունենում ենք հիվանդանոցներ, որտեղ անհրաժեշտ քանակով բժիշկներ չկան, որտեղ վիրաբույժը ամսական մի քանի վիրահատություն է անում, որտեղ բժիշկը նորմալ չի վաստակում , որովհետև հիվանդների քանակն է քիչ, իսկ հիվանդանոցը` աղքատ:
Ես կոչ չեմ անում փակել հիվանդանոցները և մարդկանց գործազրկության մատնել: Մենք կարիք ունենք և պետք է վերանայենք հիվանդանոցային բուժօգնության կառուցվածքն ու ծավալները: Հայաստանին անհրաժեշտ է ունենալ առողջապահական կազմակերպությունների՝ հատկապես հիվանդանոցների ՄԱՍՏԵՐ-ՊԼԱՆ, և ցանկալի է այն ձևակերպել այնպիսի իրավական ակտով, որ հետագայում, ամեն նոր կառավարիչ այն չփոխի, այլ շարունակական իրագործի: Այդպես իր հիվանդանոցային համակարգը արդիականացրեց նույն Էստոնիան, այդպիսի Պլան ստեղծել և կյանքի են կոչում Դուբայը, Աբու-Դաբին, Սաուդյան Արաբիան:
Անհրաժեշտ է հիվանդանոցները միավորել, խոշորացնել, հզորացնել, իսկ ազատված տարածքները և ներուժը առավելապես օգտագործել հզորացնելու համար առաջնային օղակը, ստեղծելու համար սկրինինգային կենտրոններ, դիաբետի և այլ առավել տարածված հիվանդությունների դպրոցներ, որտեղ պացիենտներին կկրթեն` ինչպե՞ս ճիշտ ապրել իրենց հիվանդության հետ, ինչպե՞ս սնվել և այլն: Հիվանդանոցների մի մասն էլ կարելի է վերապրոֆիլավորել խնամքի կենտրոնների, սոցիալական հաստատությունների և այլն: Օրինակները շատ են, և աշխարհն այդ փորձը ունի: Պետք է հետևողականորեն անցում կատարենք առավելապես հիվանդանոցային բուժօգնության զարգացման մոդելից դեպի պոլիկլինիկական ծառայությունների և առաջնային օղակի հզորացում:
Մեզ պետք են ժամանակակից սարքավորումներով հագեցած խոշոր հիվանդանոցներ՝ լավ և մեծաքանակ մասնագետներով, պացիենտների հոսքերի կենտրոնացումով, գիտությամբ և կրթությամբ զբաղվող: Մեզ պետք են հարուստ հիվանդանոցներ, այնքան հարուստ, որ կարողանան իրենց զարգացման վրա փող դնել, ոչ թե մի կերպ գոյությունը պահպանել:
Դժվար է լինելու, բայց այլ ելք չկա, ու ամեն նոր բացվող հիվանդանոցի հետ մենք այդ գործը ավելի ենք բարդացնում. անիմաստ գումարներ ենք փոշիացնում: Հայաստանում հիվանդանոցների զարգացման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ է պետք: 3 մլն մարդը չի կարող պահել 146 հիվանդանոց,. դա հնարավոր չէ: Կամ կունենանք այն, ինչ ունենք հիմա:
Անհրաժեշտ է վերանայել ամեն ինչ` հատկապես, հիվանդանոցներում բուժելուն ուղղված և դրա համար տարատեսակ հնարավորություններ ստեղծած պետպատվերի ֆինանսավորան մեխանիզմները: Շատ մեծ ծավալը այն հիվանդությունների և վիճակների, որոնք մենք ներկայումս բուժում ենք հիվանդանոցներում, աշխարհը վաղուց արդեն բուժում է առաջնային օղակի մասնագետների միջոցով:
Գտնում եմ, որ կարևոր է նաև հիվանդանոցների մակարդակավորումը: Մենք հստակ պետք է տարանջատենք, թե յուրաքանչյուր մակարդակի հիվանդանոցում ինչ ծառայություններ պետք է լինեն և ինչ ծավալով: Մենք պետք է ունենանք բառացիորեն մի քանի հանրապետական նշանակության խոշոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ (երրորդ մակարդակի հիվանդանոցներ), որտեղ կիրականացվեն ամենաբարդ վիրահատությունները՝ ընդհուպ մինչև օրգանների փոխպատվաստում, կբուժվեն առավել ծանր հիվանդները: Դրանք կլինեն նաև խոշոր գիտական և կրթական կենտրոններ: Կունենանք նաև ռեգիոնալ և քաղաքային հիվանդանոցներ (երկրորդային մակարդակ), որտեղ կապահովվի բավականին արդիական բուժօգնության բազային մակարդակ, կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝, բայց այն ծավալով, որ ապահովեն բնակչության հիմնական կարիքները: Կունենանք նաև առաջին մակարդակի փոքր հիվանդանոցներ՝ շտապ և անհետաձգելի բուժօգնության մատուցման համար: Իհարկե, դրան զուգահեռ մենք պետք է զարգացնենք և արդիականացնենք մեր շտապ օգնության ծառայությունը, բայց դա կներկայացնեմ առանձին հոդվածով:
Առանձնահատուկ կարևորություն պետք է ստանա նաև հիվանդանոցների կառավարման օղակի բարեփոխումը: Տեսե’ք` ովքե՞ր են այսօր պաշտոնավարում մեր հիվանդանոցներում: Արդյոք նրանք ունա՞կ են կյանքի կոչելու արմատական բարեփոխումներ: Ըստ իս` հիվանդանոցների տնօրենները, անկախ սեփականության ձևից, պետք է հատուկ կրթություն ստանան և ունենան հիվանդանոցի կառավարչի որակավորում: Որևէ անձ չպետք է կարողանա դառնալ հիվանդանոցի տնօրեն, եթե չունի նման կրթություն: Այդ մարդիկ կառավարելու են կազմակերպություններ , որտեղ հանրության կյանքի և առողջության հետ կապված խնդիներ են լուծվում, և հանրությունը իրավունք ունի պահանջելու այդ մարդկանցից լինել պրոֆեսիոնալներ:
Իհարկե, այս գաղափարին դեմ կլինեն նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր, դեմ կլինեն, որովհետև չեն կարողանա ում ասես նշանակել հիվանդանոցի տնօրեն, չեն կարողանա իրենց մերձավորին ապահովել «յուղոտ» պաշտոնով: Բայց մի օր մենք դրան կգանք: Գուցե մի օր մենք կգանք նաև նրան, ինչին եկել են օրինակ նույն Նիդեռլանդներում, որտեղ որևէ հիվանդանոց իրավունք չունի շահույթ ունենալ բուժական գործունեությունից, նույնիսկ եթե դա մասնավոր հիվանդանոց է: Հիվանդանոցի ողջ եկամուտը պետք է դրվի այդ հիվանդանոցի զարգացման վրա: Բայց դա ապագայում: Հիմա դեռ պետք է հասկանանք, որ կարմիր ժապավեն կտրելու երկարաժամկետ վնասները շատ ավելին են, քան կարճաժամկետ քաղաքական դիվիդենտները: Կարծում եմ` ապագայում մենք կունենանք նման նախարարներ: Հարգանքով Արմեն Չարչյան Սամվել Սողոմոնյան»։
Դիտվել է 6993անգամ
Վերջին լուրեր