Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 18-20

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

 İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին»։

Հայտարարության հեղինակները մահվան ուղարկված հայ մտավորականներից հիշատակել են 23-ամյա բանաստեղծ Արմեն Տորյանին (Հրաչյա Սուրենյան), դասախոս, գրող և լրագրող Երվանդ Չավուշյանին, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանին, լրագրող, գրող, դասախոս, հրատարակիչ Տիրան Քելեքյանին, լրագրող, թարգմանիչ Երվանդ Սրմաքեշխանլյանին (Երուխան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակ Չիլինգարյանին, բնագետ, բանասեր, խմբագիր, ՀԲԸՄ հիմնադիրներից Նազարեթ Տաղավարյանին, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դասախոս Լևոն Լարենց Քիրիշչյանին, բանաստեղծ Դանիել Վարուժանին,  գրող Սիամանթոյին (Ատոմ Երջանյան), երգիչ, երգահան, բանահավաք, մանկավարժ, վարդապետ Կոմիտասին, բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, պատգամավոր Գրիգոր Զոհրապին։

«Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։

Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․

- Ցեղասպանությունը պետք է ճանաչել։

- Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։

- Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։

Ուստի կրկնում ենք մեր պահանջը․

Ցեղասպանությունը

Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր», - ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է 18100անգամ
Վերջին լուրեր