18 / Հունիս / 2021 : 13-43

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալուստյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի մի խումբ հայ գործարարների նկատմամբ՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ։

Ներկայացնում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության անհեթեթ տեքստը այնպես, ինչպես այն հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում.

«Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազության կողմից իրականացվել է հետաքննություն մի շարք ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն եւ այնտեղից Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան զենքի եւ ռազմատեխնիկայի ապօրինի ներկրման մասին։

Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Սարգսի Կարապետյանը, որը Հայաստանում հայտնի է որպես «գորշ գործարար», եւ «Royalsys Engineering»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Արշավիրի Աբրահամյանը եւ այլք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին զենքով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով եւ ռազմատեխնիկայով զինելու նպատակներով, խախտելով Միջազգային բեռնափոխադրումների մաքսային կոնվենցիան եւ Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը, 2001-2021թթ. ընթացքում ուղեւորատար ինքնաթիռների, Հայաստանի ՌՕՈւ Ил-76 ТД բեռնատար ինքնաթիռի, ինչպես նաեւ Արա Աբրահամյանի ձեռք բերած «Իլյուշին-76ТД» բեռնատար ինքնաթիռի միջոցով կազմակերպել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված խոշոր տրամաչափի մարտական հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի մաքսանենգություն օդային ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետություն եւ այնտեղից՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանական Հանրապետության հարակից շրջաններ։


2021թ. ապրիլի 28-ին գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածերով, գործով քննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության Քննչական վարչությանը։

Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը եւ Արա Աբրահամյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 եւ 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալությունը, եւ նրանց բոլորի հանդեպ հայտարարված է միջազգային հետախուզում։

Վերոնշյալ քրեական գործի առնչությամբ գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել արտասահմանյան երկրների համապատասխան պետական մարմիններին իրավական օգնության ցուցաբերման համար։

Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները այդ եւ նման այլ հանցագործությունների մեջ մեղավորներին միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»։
Դիտվել է 26396անգամ
Վերջին լուրեր