Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 24-ը երկար տարիներ հայ ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել, և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում հայ ժողովրդին հղված իր ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ միասնականությունը կերևա հենց այս տարի, երբ ապրիլի 24-ն անցնում է բացառիկ պայմաններում:
«Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա այս տարի, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:
Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:
Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա»,-նշեց վարչապետ Փաշինյանը:
Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև հազարավոր օտարերկրացիներ: