Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին
Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Այս մասին գրում էErmenihaber.am-ը։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․
Բուրաք Յըլդըրըմ
«Հայերի կողմից սպանված Անատոլիայի 1000-ավոր բնակիչների մասին ոչ մի բառ չես խոսի, բայց հենց գա ապրիլի 24-ը, իսկույն կասես՝ Հայոց ցեղասպանություն։ Գնա այստեղից։ Հայասերներ եք դուք»։
Օզզիեք
«Երևում է՝ Ամերիկայի հայկական լոբբից փող է եկել»։
Աթիլլա Գյոնուլլու
«Եթե այս երկրում մի բռնապետ լիներ, այս մարդն ու այս գրառումով կիսվող բոլոր մարդիկ օճառ կլինեին»։
Էսմա
«Հայոց ցեղասպանություն չկա։ Կա հայերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացրած ցեղասպանություն։ Թուրք ժողովուրդը ցեղասպանություն չի արել, չի անի»։
Հավելենք, որ այս լուրը հրապարակած թուրքական սկզբնաղբյուր լրատվական կայքն էլ Ջեմալի գրառումը սկանդալային է որակել՝ չմոռանալով ցեղասպանության բառի դիմաց դնել թուրքական ժխտողականության մեջ պարտադիր կիրառում ունեցող «այսպես կոչված» արտահայտությունը։