25 / Հունիս / 2021 : 18-48

Ալիևը հայտնել է արցախյան երկրորդ պատերազմն սկսելու պատճառների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե արցախյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր «Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։

«Վերջերս տեղի ունեցած ամեն ինչի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ասել է Ալիևը՝ Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:

Նա նենգափոխել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը («Նոր պատերազմ, նոր տարածքներ» - խմբ.), և պնդել, թե Տոնոյանը հայտարարել է` «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի` նոր տարածքների համար»:

«Սա բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»,- նշել է Ալիևը

Նա նաև հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև ԼՂ ղեկավարությունը:

«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գործնականում բոլոր բանակցություններին», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հավելել է Ալիևը:

lurer com
Դիտվել է 181845անգամ
Վերջին լուրեր