Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2021 : 19-09
«Իսկ Թալեաթը տեղյա՞կ է». այսօր Գրիգոր Զոհրապի 160րդ տարեդարձն է։
Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

«Կտակը գրել է հուլիսի 15-ին` արդեն գիտեր, որ իրեն սպանելու են...
Մեկ օր հետո Զոհրապին տանում են Ուրֆա:
Իսկ օրեր անց, Զոհրապի ու Վարդգեսի սպանությունը իրագործելու նպատակով, Ուրֆա են կանչվում հրոսակապետ Չերքեզ Խալիլ բեյը, Չերքեզ Ահմեդը և հրամանատար Ռեղիդի որդի Մուստաֆան: Ուշ գիշերով, հուլիսի 19-ին արթնացնում են ձերբակալված պատգամավորներին և Ուրֆայից դուրս գալով` իջնում են «Շեյթան տերեսին»` Սատանայի ձորը:
Կամուրջն անցնելուց հետո Զոհրապին և Վարդգեսին տանող կառքը հանկարծ կանգ առավ, իսկ ձիերն արձակեցին:
Սա ողբերգության վերջին արարն էր: Դա գիտեին երկուսն էլ` Զոհրապի և Վարդգեսի աչքի առաջ թուրք ժանդարմները նշան բռնեցին և կրակեցին` Վարդգեսն սպանվեց անմիջապես:
Զոհրապի կյանքի այս վերջին վայրկյանները տարբեր վկայողներ տարբեր կերպ են ներկայացրել: Բայց մի բան կրկնվում է ամեն վկայության մեջ` Զոհրապի արցունքները: Ժանդարմների կրակոցներից հետո Զոհրապը դեռ ողջ էր: Արամ Անտոնյանը պատմում է, որ դա տեսնելով` փորձել են Զոհրապին իջեցնել կառքից:

- Իջիր,- գոռացել են ամեն կողմից:

Իսկ նա նստել էր անշարժ, արցունքն աչքերին, ասես այդ խոսքերն իրեն չէին վերաբերում:
Հրեշտակն արտասվում էր Սատանայի ձորում...
Զոհրապի վրա հարձակվել էին դաշույններով և հետո կրակել` արդեն մահացած հանճարի վրա: Զարեհ Որբերյանի տեղեկություններով` Չերքեզ Ահմեդը քարով ջախջախել է Զոհրապի գլուխը:
- Հետո սպանվածների դիակներից հանեցին հագուստները, իսկ դիակները նետեցին մացառուտների մեջ:
- Հետո մոտակա գյուղից գյուղացիներ եկան սպանության վայրը` բայց թալանի համար ոչինչ չգտնելով քարկոծեցին Սատանի ձորում ընկած մերկացած դիակները:
- Հետո Ուրֆայի շուկայում, արդեն հաջորդ օրը վաճառքի էին հանվել Զոհրապի ոսկյա ժամացույցն ու մատանին, իսկ մի անգլիացի էլ հասցրեց գնել Զոհրապի պայուսակը` անվան սկզբնատառերով և արյան բծերով:
- Իշխանություններն արգելեցին Զոհրապի կնոջն ու հարազատներին մահազդ տալ և հոգեհանգիստ կատարել: Ամուսնու մահն անգամ Կլարա Զոհրապին տեղեկացրին հեռախոսով, հրապարակվեց նաև պաշտոնական կեղծ տեղեկագիր, ըստ որի, Դիարբեքիր մեկնելու ճանապարհին Զոհրապը կաթվածահար է եղել...»։

ՀԱՏՎԱԾ` ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ» գրքից:

Այսօր Գրիգոր Զոհրապի 160րդ տարեդարձն է (1861-1915, Պոլիս)

Գրիգոր Զոհրապը՝ գրող, իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, «Նորավեպի արքա», «Մեջլիս»ի պատգամավոր. ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական գրականության վրա:

Գրիգոր Զոհրապը «Մեջլիսում» ընտրվել է պատգամավոր երեք անգամ. հայտնի էր հատկապես իր ազդեցիկ ելույթներով։ Նա բարձրաձայնել է հայ համայնքի խնդիրները, ինչպես նաեւ ամբողջ օսմանյան հասարակության եւ պետական կառուցվածքի արդիականացման համար կարեւոր գործունեություն է ծավալել։ Լինելով հմուտ իրավաբան՝ Զոհրապը իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել, վկայել են Ժամանակակիցները։ Պաշտպանել է ամբաստանված հայերի, հույների, բուլղարների եւ այլազգի անմեղ անձանց դատը սուլթանական դատարանում, որոնք սովորաբար հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար։

«Իմ բա­րո­յա­կանս կկա­յա­նա ի­րա­կա­նը՝ սու­տին, ճշմա­րի­տը՝ կեղ­ծին վե­րա­դա­սե­լուն մեջ ա­մեն տեղ եւ ա­մեն ժա­մա­նակ»։

Երբ գալիս են Զոհրապին ձերբակալելու, նա միամտորեն հարցնում է. «…իսկ Թալեաթը տեղյա՞կ է…», այնինչ Թալեաթի հրամանով էին իրեն բռնում։
1915 թվականի հունիսի 2. գիշեր...

Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում՝ Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ. կեսգիշերին վեր կացավ` տուն գնալու: Նույն պահին ոտքի կանգնեց նաեւ Թալեաթը, մոտենալով Զոհրապին՝ համբուրեց այտը…
Դա մահվան համբույր էր... որ պարզ դարձավ հետո. երկու օր առաջ արդեն Թալեաթը ստորագրել էր Գրիգոր Զոհրապին եւ մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն ներխուժելով՝ ձերբակալեցին նրան, բռնի տեղահանելով Ղալաթասերայի ոստիկանատուն, այնտեղից՝ Գոնիա, Ադանա, ապա՝ Հալեպ:

Ճամփա՝ առանց տունդարձի...

Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնել է անձամբ ոճրագործ Թալեաթը:

«Մեկ հատիկ, անուշիկ, չի գտնված գանձս, կնիկս, հոգիս․․․», «Սիրական, աղվորիկ, քիթիկլի կնիկս». 27 տարիների համատեղ կյանքի ընթացքին այս արտահայտությունները կարճ ժամանակում վերածվեցին՝ «սիրելի և դժբախտ կողակիցս», «սիրական և խեղճ կնիկս»:
Զոհրապը կանանց սիրում էր կին լինելու՝ նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար: 22-23 տարեկանում ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) կոչած Գրիգորը շատ խիստ հայացքներ ուներ կանանց դերի, նրանց ազատությունների մասին:
Ընդգծված հակաֆեմինիստ՝ նա նոր-նոր ի հայտ եկող հայացքներին, առավել ևս դրանց հայկական դրսե­ւո­րում­ներին՝ դեմ էր. հակաբնական էր համարում երկու սեռերի իրավահավասարության գաղափարները։
Երբ ամուսնացավ Կլարայի հետ, նա դարձավ ավելի հանդուրժող, ավելի փափուկ եւ նրբանկատ, սակայն կարծիքը երբեք չփոխեց։ Մարդկային փոքրիկ ուրախություններից Զոհրապը ստեղծում էր երջանկություն. կնոջ արդուզարդի համար կարող էր մի ամբողջ օր վատնել եւ այդ օրը համարել «աղուոր օր մը»: Կարող էր ընթրիքից հրաժարվել՝ խնայողություն անելու նպատակով, բայց գնալ խաղատուն եւ տասնապատիկը տանուլ տալ. դա կյանքն էր․․․ Փոքրիկ ուրախություններն իր համար թե՛ գնումներն էին, թե՛ թղթախաղը:

Զոհրապի և նրա կնոջ սիրո պատմությունը ամենագեղեցիկը և ամենադրամատիկն էր իր իսկ ստեղծած բոլոր պատմությունների, նորավեպերի մեջ...

«Սիրական, աղվորիկ, քիթիկլի կնիկս․․․»։

Իր կնոջն ուղարկած վերջին նամակում Զոհրապը գրում է.
«Ինձ դատելու համար Ստամբուլից Դիարբեքիր ուղարկողները ոչնչացնելու համար են ուղարկում: Դիարբեքիրում սարսափելի բաներ են կատարվում: Աստված գիտի, չնայած անմեղ եմ, բայց այնտեղից ողջ դուրս չեմ գա:
Սիրելի’ս, միա’կս, արդեն մեզ համար սկսվում է վերջին արարը: Այլևս ուժ չունեմ: Եթե կենդանի չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ հիշեն»:

Գրիգոր Զոհրապը եւ Կլարան ունեցան չորս զա­վակ՝ ­Լե­ւոն, ­Արամ, Դոլորես եւ ­Հեր­մի­նե։

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Հունիս / 2021 : 19-09
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 129232անգամ
Վերջին լուրեր