Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Ապրիլ / 2020 : 17-22

Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել

 

Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը։

«1-ին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։

«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։

Նա, շարունակելով թուրքական թեզերի շարադրումը, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհեև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։

Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ այն անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։ 

Քալընը չի մոռացել հերթականությամբ շարադրել նաև այս ընթացքում Թուրքիայի զինանոցում կուտակված մյուս բոլոր տխրահռչակ թեզերը, որոնք վերաբերում են այդ տարիներին մահացած միլիոնավոր մուսուլմաններին, ընդհանուր ցավին, թուրքական իբրև թե բաց արխիվներին, Հայոց ցեղասպանությունն ընդունող 3-րդ երկրների անցյալի ենթադրյալ մութ էջերին և այլն։

ermenihaber.am

Դիտվել է 21658անգամ
Վերջին լուրեր