24 / Ապրիլ / 2020 : 20-05

Մի քանի գիշեր ու ցերեկ հավաքվելով մեր ընկերներից մեկի վարձով տանը պատրաստեցինք այս պաստառները և կրծքանշաններ

Վաչագան Ա. Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1972 թվական: Սովորում եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի 3-րդ կուրսում:
Մեր կուրսը՝ մոտ 120 հոգի, բավականին անհնազանդ էր էն տարիների տիրող մթնոլորտի տեսանկյունից: Հայրենասիրական խմբակներ, Հայոց ցեղասպանության մասին պատի թերթեր, հավատացյալներ, մեր իրավունքների համար պայքար, դասադուլ, և այլն: Մի խոսքով ուշադրության կենտրոնում էինք համապատասխան ծառայությունների:
Պատրաստվում էինք նշելու Հայոց Մեծ Եղեռնի 57-րդ տարելիցը: Ամեն բան պետք է գաղտնի անեինք: Դասերից փախչել չէր թույլատրվում, ցույցեր անել՝ առավել ևս:
Մի քանի գիշեր ու ցերեկ հավաքվելով մեր ընկերներից մեկի վարձով տանը պատրաստեցինք այս պաստառները և կրծքանշաններ:

Հիմա կարող է ծիծաղելի թվալ, սակայն էդ տարիներին շատ դժվար էր այդ ամենը անելը: Մի կերպ ճարեցինք Սևակի ու Կոմիտասի նկարները: Ես դեռևս դպրոցական տարիներից վարժ էի նկարը մեծացնելու և տառեր գրելու գործում: Նկարը գծերով վանդակապատում էի և յուրաքանչյուր վանդակի մասնիկը մեծացնում ըստ մասշտաբի: Նկարում տեսնում եք Սևակի ու Կոմիտասի նկարները՝ արված այդ տեխնիկայով:
Գրելը, նկարելը վերջացրինք, բա պաստառները ինչի՞ վրա ամրացնենք: Մեր կուրսի Վրույրի հայրը հյուսն էր, խնդրեցինք փայտե հրաշալի ձողեր սարքեց: Հիշեցնեմ, որ ամեն բան պետք է գաղտնի լիներ:
Նկարում Կոմիտասի նկարը բռնել է Ռաֆիկ Ասլանյանը, Տեր-Զորի պաստառը մի կողմից բռնել է Վանիկ Կակոյանը մյուսը՝ չեմ հիշում:

Հիշեցնեմ, որ կարելի էր գնալ Հուշարձան, սակայն երթեր կազմակերպել, ցույցեր անել, պաստառներով ուշադրություն գրավել, կտրականապես չէր կարելի: Իսկ մենք ամսի 24-ին կազմակերպեցինք ու ողջ համալսարանը դասի չնստեց, էս մեր ցուցապաստառներով հսկայական երթը Համալսարանի մոտից հասավ Ծիծեռնակաբերդ:
Հետո համալսարանում «ռազբորկաներ» եղան իհարկե, ահաբեկումներ, սակայն արդեն արել էինք, ինչ ուզում էինք:
Մենք երիտասարդ էինք, սովորում էինք, արշավներ էինք գնում, սիրահարվում էինք, պայքարում էինք, ապրում էինք մեզ բաժին հասած ժամանակն ու կյանքը:
Շատ բաներ մոռացել եմ, շատ անուններ չեմ հիշել, եթե կհիշեք՝ լրացրեք:

ՎԱՍ

Դիտվել է 11494անգամ
Վերջին լուրեր