08 / Հուլիս / 2021 : 16-00
Վիգեն Հովսեփյանն աշխարհի հայությանն է ներկայացրել իր արևմտահայերեն գրական ստեղծագործությունները՝ ինքնատիպ մոտեցումներով
Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ հեղինակություն ունեցող գործիչ, Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի նախագահ Վիգեն Հովսեփյանը հանրությանն է ներկայացրել երկար տարիների իր ստեղծագործական աշխատանքները՝ արևմտահայերեն բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են ինքնատիպ երաժշտական ձևավորմամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա կիսվել է առաջին գործով ու գրառում կատարել. «Եւ ահա այն պահը, երբ երկար տարիներու ընթացքին կատարած գրական փորձերս, ամենայն համեստութեամբ կըբաժնեմ բոլորիդ հետ։

Ես ինքզինքս երբեք բանաստեղծ չեմ համարած, այդ մէկը համարելով կոչում մը որուն արժանի չեմ, եւ այդ է եղած պատճառը որ յարմար չեմ նկատած մինչ օրս առանձին ժողովածուի մը, կամ հրատարակութեան մը ճամբով հանրութեան ներկայացնել գրութիւններս։ Բայց իմ սիրողական եւ համեստ փորձերուս արդիւնքը այսօր արդէն կը սկսիմ մէկ առ մէկ ներկայացնելու յատուկ դասաւորումով, երբեմն իմ, իսկ երբեմն ալ այլ ընկերներու ընթերցանութեամբ։

Բոլոր ներկայացուած գրութիւններուս տեսահոլովակները տեղ պիտի գտնեն էջիս վրայ, որ պիտի հանդիսանայ իմ ստեղծագործական փորձերուս հանգանակը։

Այս ճիգիս մղումը մէկն է. ձեզի եւ մանաւանդ աւելի երիտասարդ սերունդներուն հետ բաժնել կեանքիս ամենատարփեր ազդեցութիւններու եւ փորձառութիւններու ճամբով հասունացած գրական փորձերս, մատչելի ոճով շունչս աւելցնել արդէն իսկ իր կեանքին համար պայքարող արեւմտահայ գրականութեան։ Յուսամ կը գնահատէք գործերս, եւ կը քաջալերէք զայն բաժնելով ձեր ընկերներուն հետ»։
Դիտվել է 4581անգամ
Վերջին լուրեր