10 / Հուլիս / 2021 : 18-08

«Ես չեմ պատկերացնում լիարժեք կյանք՝ առանց սիրած աշխատանքի». ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու

Ելենա Մալայան

Սիրելի մասնագիտության, բժշկի մասնագիտական նրբությունների ու կյանքի փիլիսոփայական հարցերից մինչև նեղ ակնաբուժական հարցերի մասին իր մտորումներով ու խորհուրդներով մեզ հետ զրույցում անկեղծացել է փորձառու ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը:
Ակնաբույժ Ելենա Մալայան

Ակնաբույժ Ելենա Մալայանն անցել է 50-ից ավելի միջազգային վերապատրաստումներ, ունի շուրջ 5 տարվա դասախոսական փորձ, 48 գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է: Շուրջ 20 տարվա աշխատանքային հարուստ փորձի ընթացքում կատարել է ավելի քան 20000 աչքերի լազերային միջամտություններ: Ռուսաստանի Դաշնության բժշկական և տեխնիկական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ է: Ելենա Մալայանը առաջինն է Հայաստանում, ով 2011 թվականին կատարեց «Լեյզիկ» մեթոդով լազերային միջամտություն։ Ակնաբույժն արժանացել է գովեստագրի՝ ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար, պարգևատրվել՝ Հայաստանում ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար:

- Ի՞նչ հնարավորություններով է հագեցած «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը»:
-Հայաստանի առաջին կենտրոնացված աչքի հիվանդանոցը գործում է դեռևս 1973 թվականից: Այն այսօր հագեցած է ժամանակակից ակնաբուժությանը հարիր անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և բաժիններով՝ համապատասխան մասնագետներով, որոնք պարբերաբար վերապատրաստվում են:

- Որո՞նք են լազերային վիրահատության առավելությունները ակնոցի և լինզայի համեմատ, ի՞նչ հնարավորություն է տալիս այն այսօր:
-Առաջին առավելությունն այն է, որ կարճատեսություն կամ աստիգմատիզմ ունեցող մարդը, ով առավոտյան արթնանալուց հետո առանց ակնոցի և լինզայի ոչինչ չէր կարողացնում անել, և ամբողջ օրվա ընթացքում կարիք ուներ մեկ ակնոցը մեկ այլ ակնոցով փոխարինելու, իսկ լինզա կրելն էլ՝ իր հերթին պատճառում էր մի շարք անհարմարավետություններ՝ անընդմեջ պահանջվող խնամք, երբեմն պատռվում են, կորում և այլն, այսինքն՝ մարդը որպեսզի ունենա լավ տեսողություն՝ դառնում է կախված ինչ որ մի երևույթից: Լազերային վիրահատությունն, իհարկե, առաջին հերթին ազատում է հենց այդ պրոբլեմներից. առավոտյան արթանալուն պես լիարժեք տեսնելու համար անհարմարավետություններն այլևս չկան: Ժամանակակից կյանքում տեսողության այս խնդիրները մեծ արձագանք ունեն հատկապես երիտասարդության շրջանում. չկա մասնագիտություն, որ չառնչվի համակարգչի հետ, ուսումը՝ նույնպես: Այս առումով, ակնոց և լինզա կրելն առաջացնում է անհարմարություն: Բժշկական տեսանկյունից ո՛չ ակնոցը, ո՛չ էլ լինզան չեն կարող ապահովել այն լիարժեք տեսողությունը, որն ունենում են մարդիկ վիրահատությունից հետո: Առանձնանում են հատկապե՛ս բարդ աստիգմատիզմով, բարձր կարճատեսությամբ այցելուները, երբ 100 տոկոսանոց տեսողություն ստանալով, շա՜տ–շա՜տ դեպքերում ուղղակի վերափոխվում է նրանց հայացքը: Կարևորվում է նաև ա՛յն մարդկանց համար, որոնց մեկ աչքն է խնդրահարույց. տարբեր տեսողությամբ աչքերի պարագայում ակնոց կրելը արդեն իսկ խնդիր է:
- Կերարինգը ինչպիսի՞ վիրահատություն է, և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կերատոկոնուս հիվանդության մասին:
- Կերատոկոնուսը հայ ազգի մեջ շատ տարածված հիվանդություն է: Ընդհանրապես, այն բնորոշ է հին ազգերին: Կարևոր է վաղ հայտնաբերումը, քանի որ հիվանդությունն ունի արագ զարգացող ընթացք: Հատկապես երիտասարդ տարիքում նկատվում է հիվանդության բավականին ագրեսիվ աճ, որը զուգակցվում է տեսողության վատթարացմամբ, ոսպնյակ և ակնոց կրելը գրեթե դառնում է անհնարին: Առաջին քայլը, որն ակնաբույժը պետք է անի հիվանդությունը հայտանաբերելու դեպքում՝ այցելուին կանխարգելիչ բուժում առաջարկելն է, այսինքն՝ ոչ վիրահատական մեթոդով կանխվում է հիվանդության զարգացումը: Կերարինգը համեմատաբար նոր վիրահատություն է՝ 10-15 տարվա տևողությամբ: Այն և՛ կանխարգելիչ է, և՛ տեսողությունը լավացնող: Կերատոկոնուսով հիվանդներին, քանի որ հակացուցված է լազերային շտկում, ուստի այդ բուժայցելուների համար այն փրկություն է. տեղադրվում են օղակները և շտկվում ասեգմատիզմը՝ կանխելով հիվանդությունը: Նշեմ, որ կերարինգն այն վիրահատությունը չէ, որ բոլոր դեպքերում կարելի է կիրառել. կան չափանիշներ, համապատասխան ցուցումներ և հակացուցումներ: Այդ իսկ պատճառով, այցելուն պետք է մանրակրկիտ հետազոտություն անցնի, որից հետո բժիշկը որոշի՝ ի՞նչ մեթոդով կամ ո՞ր տարբերակը առաջարկի հիվանդին:
ուք համարվում եք հաջողված կին ակնաբույժ, ինչպիսիք շատ քիչ են լինում, Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է:
-Կարծում եմ՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ պետք է իրենց աշխատանքը սիրեն՝ սիրելով անեն ամեն–ինչը: Հաջողության առաջին գաղտնիքը աշխատասիրությունն ու համբերությունն է: Համբերությունը բժշկի աշխատանքի մեջ շա՜տ կարևոր է, և եթե չսիրես գործդ, չուզենալով անես աշխատանքդ՝ համբերությունդ չի ների հասնես ինչ- որ մակարդակի: Երևի թե ամենակարևորը դա է:
-Արդյո՞ք Ձեր կարիերայի ընթացքում դժվարությունների առընչվել եք, եթե այո, ապա ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։
- Երևի թե իմ կյանքում ամենադժվարն այն էր, երբ փորձել եմ իմ ամեն աշխատանքային օր, ժամ ազգանունիս պատիվը պահել ու ապացուցել, որ ես էլ եմ կայացել որպես Մալայան: Այնուհետև, սոցիալական դժվարություններն են, որին առնչվել է ցանկացած բժիշկ, երբ ամբողջ երկիրն էր այդ ժամանակաշրջանն ապրում: Իմ կարծիքով՝ կյանքում ցանկացած դժվարություն հաղթահարելու միակ տարբերակը՝ համբերությունն է:
-Ի՞նչ խորհուրդներ կտայիք ձեր սկսնակ կին գործընկերներին, ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկը:
- Մշտապես առանձնահատուկ կարևորել եմ, որ հատկապես կինը ընտանիքից աշխատավայր երբեք չբերի որևէ խնդիր, և հակառակը. կինը տանն էլ բավականին ծանրաբեռնված է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ինչը բավականին հոգնեցուցիչ է: Տեղին է հիշել մեծերի խոսքը՝ երջանիկ է նա, ով առավոտյան հաճույքով աշխատանքի է գնում և հաճույքով վերադառնում տուն: Այս դեպքում՝ տան հոգնածությունը և լարվածությունը թողնում ես տանը, աշխատավայրինը՝ աշխատանքի վայրում: Երևի թե այս զուգահեռ բալանսավորված վիճակն է, որ թույլատրում է կնոջը ուժ ունենալ և հասցնել այն ամենը՝ ինչ-որ պետք է հասցներ:
- Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք:
-Կցանկանայի՝ մեզ հաջորդող պատրաստի սերունդ ունենալ: Կարծում եմ, ցանկացած վիրաբույժ պետք է պատրաստի իր ետևից եկող երիտասարդ սերունդ, հակառակ դեպքում չի լինի աճ և չի՛ պահպանվի ստեղծվածը:
-Դու՛ք, ձեր աշխատանքով վերադարձնում եք մարդկանց երբեմնի կորցրած տեսողությունը, հավատը, ինչու չէ նաև ապրելու և կյանքը նորովի վայելելու ցանկությունը. շատերի դեմքին կրկին հայտնվում է ժպիտ, երջանկությանը բնորոշ յուրահատուկ փայլ, ի՞նչ եք զգում, երբ ձեր բուժայցելուն գոհ է և երջանիկ:
-Կարծում եմ, որ դա գերագույն գնահատականն է բժշկի կատարած աշխատանքի, հատկապես, երբ աշխատում եմ երիտասարդության հետ, որոնց կյանքը դեռ առջևում է: Ինձ համար, և ընդհանրապես, ցանկացած վիրաբույժի համար գլխավոր գնահատականն իր գոհ այցելուներն են: Այս զգացումի հետ ուրիշ ոչինչ չի կարելի համեմատել:
-Ի՞նչ է Ձեզ համար նշանակում զբաղվել սիրելի մասնագիտությամբ:
-Երջանկության մի մեծ զանգված է: Ես չեմ պատկերացնում լիարժեք կյանք առանց սիրած աշխատանքի:
-Ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց աչքերի ճիշտ խնամքի հարցում:
-Առաջին խորհուրդս այն է, որպեսզի ամենափոքր խնդրի կամ գանգատի դեպքում դիմեն մասնագետի: Պետք չէ՛ լսել հարևանների խորհուրդները. մեր հայերը սիրում են պապական մեթոդներով բուժում կատարել: Այսօր, երբ շատ զարգացած է վաղ ախտորոշումը, իհարկե, դա ցանկալի չէ: Առաջին հայացքից կարող է լինել շատ անմեղ գանգատ, բայց լինել հիվանդության սկիզբը կամ հիվանդության նշանները:
Ակնաբույժ Ելենա Մալայանի հարցազրույցի մանրամասները՝ այս հղմամբ.
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Հուլիս / 2021 : 18-08
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 109983անգամ
Վերջին լուրեր