12 / Հուլիս / 2021 : 17-40

Թրամփը Բայդենին մեղադրել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցում անպատասխանատու մոտեցման մեջ

Նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ամերիկյան զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են արմատական ​​«Թալիբան»-ի ձեռքը: Այս մասին Դալլասում (Տեխաս) ԱՄՆ պահպանողական շրջանակների համաժողովին հայտարարել է ԱՄՆ նախորդ առաջնորդ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նա [Բայդենը] միլիարդավոր դոլարների սարքավորումներ է թողնում: Ես գեներալներին ասել եմ, որ ուզում եմ վերադարձնել ամեն մի մեխ, ուզում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Փոխարենը, այժմ թալիբները շքերթներ են անցկացնում մեր զենքով, որը թողել է Ջո Բայդենը: Ամոթ է»,- ընդգծել է Թրամփը:



Հուլիսի սկզբին Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորամիավորումները լքել են Բահրամի բազան: Դրանից հետո ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Աֆղանստանի իշխանությունները նախապես չեն նախազգուշացվել այդ մասին: Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել է, որ ԱՄՆ զինված ուժերը անվտանգության նկատառումներով չեն տեղեկացրել Աֆղանստանի ղեկավարությանը դուրս վերման ժամկետի մասին՝ հավելելով, որ նման ծանուցումն «անպատասխանատու կլիներ»:

Բախումները կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման միջեւ թեժացան այն բանից հետո, երբ ապրիլի 14-ին Բայդենը հայտարարեց, որ դադարեցնելու է օպերացիան Աֆղանստանում, որը դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն գրթեթ 90 տոկոսով ավարտել էր իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել էին, որ արմատականներն ուժեղացնում են հարձակման տեմպերը:
Դիտվել է 2889անգամ
Վերջին լուրեր