25 / Ապրիլ / 2020 : 10-45

 

Անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես կորոնավիրուսի պատվաստանյութը ստացողը կլինեն. Նուբար Աֆեյան
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանի փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է  միջազգային լուծումներ:

 Աֆեյանն այս մասին ասաց  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը,  փորձարկելը մեկ բան է, սակայն որքա՞ն ժամանակ հետո Հայաստանի նման երկիրը կարողանա օգտվել այդ տեսակ պատվաստանյութից այս ճգնաժամի պայմաններում»,- հարցրեց մոդերատորը:

Աֆեյանը նախ նշեց՝  պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղված են տասնյակ հազարավոր գիտնականներ աշխարհով մեկ,  գուցե դրանք հիմա անմիջապես չեն կարող բուժել պացիենտներին, սակայն դրանք ապագա պացիենտների համար են: Նա նկատեց՝ ստեղծված վիճակը ինչ-որ չափով աննախադեպ է մեր ժամանակներում, գոնե վերջին հարյուրամյակում՝ մասշտաբի տեսանկյունից:

«Եվ մենք պետք է պաշտպանվենք ավելի ու ավելի առաջատար տեխնոլոգիաների միջոցով: Մեկուսացումը առաջին քայլն է, սակայն անշուշտ ամբողջ աշխարհն աշխատում է և հույս ունի, որ նաև պետք է մշակվի պատվաստանյութ, դեղամիջոց: Եվ մենք ընկերություններից մեկն ենք, որ աշխատում ենք դրա վրա: Այս ասպարեզում կան շատ անորոշություններ: Ինչ վերաբերվում է Հայաստանի նման երկրներին, պետք է ասեմ, որ այս ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են, նախատեսված են ամբողջ աշխարհին օգնելու համար: Ապրում ենք մի ժամանակում, որտեղ ազգայնամոլությունն ավելի մեծ զարկ է ստացել, կան երկրներ, որոնք ավելի շատ հակված են իրենց շահերը պաշտպանելու, քան ամբողջ աշխարհի, բայց ի վերջո ես վստահ եմ, որ աշխարհի ազգաբնակչությունը  կտա լուծումներ, որոնք մատչելի կլինեն բոլորի համար»,-ասաց Աֆեյանը:

Նրա կարծիքով՝ այս ճգնաժամը կհիշեցնի, որ անհրաժեշտ են գլոբալ հաստատություններ, որոնք հիմնվել էին անցյալ դարում, բայց այժմ, կարծես թե, թուլանում են: Աֆեյանը նկատեց՝ դա կլինի  միջազգային կառույցների պատասխանատվությունը, ինչպիսիք են ԱՀԿ-ն, այլ կառույցներ: «Մենք, ինչպես նաև մյուսները միասին աշխատում ենք ՝ երաշխավորելու համար, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին: Եվ, անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես դրա ստացողը կլինեն: Սա միջազգային ճգնաժամ է, ուստի դրա համար անհրաժեշտ են միջազգային լուծումներ»,-ասաց նա:

Կորոնոավիրուսի դեմ փորձարկված և հաստատված պատվաստանյութ այս պահին աշխարհում դեռ չկա: Աֆեյանի ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունում այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Աֆեյանը հույս էր հայտնել, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի: Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019 ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Այն լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում:

Դիտվել է 26261անգամ
Վերջին լուրեր