16 / Հուլիս / 2021 : 19-11

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ» ընկերության ապակիների արտադրության գործընթացին ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը:

Ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:


Նշվել է, որ ներկայումս ընկերությունն ունի ապակու 4 արտադրամաս՝ առանձին վառարաններով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Այստեղ ներկայումս աշխատում է մոտ 700 մարդ։ Շահագործվում է 7 հոսքագիծ։


Դեռևս 2005թ.-ից «Սարանիստ»-ը սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ Ընկերությունն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է Վրաստան:


Անդրադառնալով կոնյակի արտադրությանը՝ Մելիք Մանուկյանը նշել է, որ արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է: Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող: Ներկայումս ընթացքի մեջ է խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:
Դիտվել է 14270անգամ
Վերջին լուրեր