17 / Հուլիս / 2021 : 09-48

Ուրույն հետք՝ հայկական ակնաբուժության ոլորտում

Այսօր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադիր Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է:
Եթե փորձենք ներկայացնել հայրենի բժշկագիտության զարգացման գործում Ալեքսանդր Մալայանի ներդրումը, ապա նրա բազմաթիվ ձեռքբերումների թվարկումը գուցեև ընկալվի սոսկ որպես կենսատարեգրության հետահայաց դիտարկում. ի վերջո իր ոլորտի յուրաքանչյուր նվիրյալ մասնագետ տարիների ընթացքում հասնում է շոշափելի արդյունքի, իսկ տեղեկատվության համացանցային հասանելիության ներկա պայմաններում հարուստ «ռեզյումե»-ով, թերևս ոչ ոքի չես զարմացնի: Եվ միայն մարդու տեսակը, նրա արժեհամակարգային հենքն են այդ ամենին շունչ ու հոգի տալիս, փառավոր անցած ուղի և նվիրումով ապրած մի ողջ կյանք դարձնում: Մալայանն այն մասնագետներից է, որոնք ոչ թե տրտնջալով հարմարվում են գոյություն ունեցող համակարգին և բավարարվում եղածով, այլ իրենք իրենց օրինակով վերափոխում են այն`բացահայտելով խոչընդոտները, թելադրում են օրակարգ`վերհանելով առաջընթացի, բարեփոխման ուղիները: Նրանք ոլորտի առաջամարտիկներ են՝ քաղաքականություն թելադրող, նպատակներ դնող և ջանադրաբար դրանք իրագործող: Որակներ, որոնք, սերված լինելով արդեն իսկ հանրապետության առողջապահության ոլորտում իր ուրույն հետքը թողած գերդաստանից, ժառանգել և կյանքի սկզբունք է դարձրել Ալեքսանդր Մալայանը: Հայկական ժամանակակից ակնաբուժության հիմնադրի համբավն արդարացիորեն վաստակած գիտնականը տքնաջան ու փշոտ ճանապարհ է հաղթահարել դրան հասնելու համար: Նախ, հետևելով հոր՝ ականավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի պատգամներին, նա իրականություն դարձրեց հանրապետական մասնագիտացված ակնաբուժական հիվանդանոց ( ներկայում՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) ունենալու նրա տեսլականը: Ալեքսանդր Մալայանը առաջին անգամ Հայաստանում կատարեց այնպիսի հիմնային ակնային վիրաբուժական միջամտություններն ինչպիսինն են՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, կատարակտի վիրահատություն՝ ուլտրաձայնային մեթոդով, առաջին անգամ կիրառվեց ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները շտկելու և բազմաթիվ նորագույն ախտորոշման մեթոդները: Այսօր արդեն հայկական ակնաբուժությունը քաղում է Մալայանների նվիրյալ գերդաստանի ստեղծարար գործունեության պտուղները, գերդաստան, որի բժիշկ անդամները քարը քարին դնելով ակունքներից կառուցել, զարգացրել ու այսօր էլ Մալայանի մանկավարժական գործունեությամբ շարունակաբար նորարարացնում են առողջապահության այդ կարևոր ոլորտը: Բոլոր գիտություններից ազնվագույնը՝ բժշկությունն ընտրած Ալեքսանդր Մալայանը իր բազմամյա գործունության ընթացքում փորձում է իրավամբ ազնվագույն հատկանիշներ սերմանել և զարգացնել իր սաների հոգում՝ ուսուցանելով նրանց գործնականում մշտապես համադրել մասնագիտական հմտությունը, մարդասիրությունը և բժշկական էթիկան: Լինել մարդասեր, երբևէ իրեն վեր չդասել մյուսներից, յուրաքանչյուր հիվանդ առանձնահատուկ անհատականություն է ուրույն խառնվածքով և ուրույն մոտեցում պահանջող. սրանք են այն պատգամները և մասնագիտական հաջողությունների հասնելու գաղտնիքները, որոնք պրոֆեսոր Մալայանը մասնագիտությունից զատ սովորեցնում է իր ուսանողներին: Աշխարհին լավատեսության անսպառ պաշարով նայող բժիշկ-գիտնականը մշտապես անթաքույց ուրախությամբ ու հպարտությամբ է խոսում առողջապահությունը հասարակության լայն շերտերին հասանելի ու մատչելի դարձնելու տարբեր նախաձեռնությունների մասին, որոնց անմիջական մասնակցություն է ունեցել՝ լինի դա պատերազմական դժվարին տարիներին հաշմանդամ ազատամարտիկներին ու փախստականներին ցուցաբերվող բուժօգնությունը, թե իր իսկ անմիջական ջանքերով կյանքի կոչված «Հայկական ակնաբուժական ծրագիրը», որով հանրապետության համար սոցիալ-տնտեսական առումով ծանր ու դժվարին տարիներին հնարավոր եղավ գերժամանակակից սարքավորումներով և նորագույն բժշկական մեթոդներով բուժօգնությունը հասանելի դարձնելով հանրությանը, միաժամանակ բազմաթիվ երիտասարդ հայ ակնաբույժների հնարավորություն տալով վերապատրաստվել արտասահմանում: Ծնունդ շնորհավոր, սիրելի Ալեքսանդր Մալայան՝ տաղանդավոր բժիշկ, հրաշալի որդի, հայր, հրաշալի մարդ: Այսօր տաղանդավո՜ր բժիշկ, հրաշալի՜ որդի ու հայր, հրաշալի՜ մարդ Ալեքսանդր Մալայանի ծննդյան տարեդարձն է:
Դիտվել է 22715անգամ
Վերջին լուրեր