20 / Հուլիս / 2021 : 09-58

ՊՆ․ Երասխի հատվածում իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը առավոտվա դրությամբ հանգիստ է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը, ՊՆ-ի հաղորդմամբ, կիրառել են միայն հրաձգային զինատեսակներ։ ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն։ Ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել է միայն Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

ՊՆ-ից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չփոխանցեցին՝ նշելով, որ Երասխի հատվածում գիշերվա փոխհրաձգության վերաբերյալ քիչ հետո մանրամասն հաղորդագրություն կտարածեն։

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:40-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։
Դիտվել է 7750անգամ
Վերջին լուրեր