Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2021 : 16-45

«Գիլասն հասել Է,-զանգ Էր տալիս Տատս,-ձագ ջան, գիլասն հասել Է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս»


-Գիլասն հասել է,-զանգ էր տալիս տատս,-ձագ ջան,գիլասն հասել է,ծտերն են ուտում,բա չե՞ք գալիս:

Զավակներին իրար գլխի հավաքելու համար մի օր գիլասն էր պատրվակ,մի օր հարիսան,մի օր էլ հանկարծակի «բարձրացած» ճնշումը… Մեզ իր տան շեմին տեսնում էր թե չէ,ճնշումը կարգավորվում էր, առույգանում, աչքերը զվարթանում էին ու սկսվում էր եռուզեռը:

- Դե վազ տուր էս դույլով մեկ գիլաս քաղիր բեր, լվանամ, կերեք,- ասում էր ինձ՝ իր ծոցի պես տաք գորովանքով ճտացնելով բաց բդիկներիս…

Ու ես դույլն առած՝ վարպետորեն մագլցում էի ծառն ու ճյուղից ճյուղ թռչում, իսկ տատս անհանգիստ աջ ու ձախ էր քայլում ծառի տակ.

- Կամա՜ց,զգույշ…ընկա՜ր, վա՜յ…հ անգիստ չընկնես տունս քանդես… ինձ քաղածդ պետք չի, ցած եկ…

Ու ես զրնգուն ծիծաղում էի ու շարունակում նույն տեմպով գիլաս հավաքել:
Երբ նախօրոք իմանում էր,որ գնալու ենք,վերմակներն ու ներքնակներն արևին փռած էր լինում, դուռն ու լուսամուտները բաց, գազօջախին էլ՝ ռեհան բուրող ջրալի ճաշ…իսկ աչքերում՝ճերմակ սպասում,իր մազերի նման ճեփ-ճերմակ սպասում…



Դարպասից ներս էինք մտնում ու հայրս պատշգամբի վերմակները տեսնելով միանգամից գլխի էր ընկնում.

-Պահո՜,տատի «պատանդն» ենք էսօր…
Ու մենք դեռ դռանը չհասած՝ տատս մանր քայլերով գալիս էր ընդառաջ.

-Մնու՞մ եք չէ՞, գառս՜…

-Տո, բա ինչ ենք անում,այ մեր,-ասում էր հորեղբայրս, ու տատիս բակը զնգզնգում էր մեր աղմուկից…

Տոն էր…տատի տուն գնալու տոնը…



Հետո երեխեքով բարձերն ու ծածկոցներն առնում էինք վազում ծառերի տակ,հարմար տեղավորվում ու մեզնից մեկին ուղարկում էինք տատի վարունգի ածուները կողոպտելու. էդ անգամ ես վախվորած մտա նոր ջրված մարգերի մեջ…ու փեշս լցրի մանր վարունգները՝ծաղիկը դեռ քթին ու ցեխոտ…ու ավարս տատիս աչքից պահելով` վազ տվի երեխեքի մոտ,մեկ էլ լսեմ տատիս ձայնը պատշգամբից.

-Լվացեք, նոր կերեք, այ բալա՜…



Տատի տանը մեզ ամեն ինչ կարելի էր. ման գալ վարտիքով, ոտաբոբիկ, մազերն արձակած, փնթի-մնթի…

Հարսները եփեցին գիլասի մուրաբան, որ էլի մենք պիտի ուտեինք, զավակները հավաբնի դուռը նորոգեցին, մաքրեցին բակն ու ծաղկանոցը… մեզ մնում էր երես առածի պես ճյուղից ճյուղ թռչել,վազ տալ հայաթով մեկ ու անլվա ուտել տատիս բանջարանոցի համեմն ու սամիթը…

Իսկ տատս՜… իսկ տատս գոհ ու ժպտուն հայացքով ռեհան բուրող ճաշը լցնում էր ափսեներն ու կանչում հացի…



–Գիլասն հասել է, -զանգ էր տալիս տատս,- ձագ ջան, գիլասն հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս:

Արդեն մի քանի տարի է տատիցս զանգ չենք ստանում…առանց տատի զանգի գնում ենք, մենք մեր ձեռքով բացում ենք տատի տան դարպասը ու հայաթից ռեհան բուրող ճաշի հոտը խուտուտ չի տալիս…գնում ենք, քաղում ենք գիլասը, որ ծտերը չուտեն,բայց ծառի տակ անհանգիստ աջ ու ձախ քայլող տատս էլ չկա, որ վախի,թե կընկնենք ու կքանդենք իր տունը…

Նազիկ Գասպարեան
Դիտվել է 30633անգամ
Վերջին լուրեր