22 / Հուլիս / 2021 : 10-59

«Բժշկական եւ առողջապահական ոլորտը առաւելաբար վտանգուած ոլորտ հանդիսանալով` հոն աշխատող անձնակազմը՝ ի մասնաւորի բժիշկները, լուրջ մարտահրաւէրներու եւ վճռական որոշումներու դէմ հանդիման կը գտնուին». ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյան

- 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 հիվանդության բռնկումը նշանակեց որպես համաշխարհային համաճարակ: Այս միջազգային արտակարգ իրավիճակում ԱՄՆ-ում վիրաբույժների ասոցիացիան կոչ արեց չեղյալ հայտարարել պլանավորված (ընտրովի) վիրահատությունները հիվանդանոցներում: Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այս հայտարարությունը և ընդհանրապես covid-19-ը Ձեր ոլորտի վրա:
-Պսակաձեւ ժահրի համաճարակի ստեղծած արտակարգ իրավիճակին որպէս հետեւանք ԱՄՆ վիրաբոյժներու կազմակերպութեան որոշումը տեղին էր ու իրաւացի, որովհետեւ ընտրովի ծրագրուած վիրահատութիւններու յետաձգունը վտանգ չէր սպառնար մարդոց առողջապահութեան: Սկզբնական շրջանին համաճարակը նոր երեւոյթ էր թէ՛ բժիշկներուն եւ թէ՛ հիւանդներուն, որուն տեւողութիւնն ու բուժման եղանակը կը մնար անստոյգ: Անցանկալի էր քորոնա ժահրով վարակուող հիւանդներուն անզգայնացնել, որովհետեւ այդ կրնար սպառնալ իրենց կեանքին: Կուրաղիի ախտանշաններով տառապող հիւանդը օրինակ, քորոնա վարակէն պաշտպանուելու համար խուսաբեցաւ հիւանդանոց այցելելէ, որուն որպէս հետեւանք ունեցաւ բարդութիւններ եւ վտանգաւոր բորբոքումներ: Քաղցքեղի ախտանշաններով տառապող հիւանդներու պարագային ախտաճանաչումի եւ պարբերական ընդհանուր քննութիւններու ուշացումը պատճառ հանդիսացաւ հիւանդութեան ուշ յայտնաբերման եւ ունեցաւ բացասական ազդեցութիւններ:
- Որոշ բժիշկներ սկսեցին աշխատել հեռավար, հիվանդները ստիպված հեռախոսի միջոցով կամ տեսազանգով խորհրդակցում էին բժշկների հետ, արդյո՞ք վիրաբուժական հիվանդությունների դեպքում այս տարբերակը ընդունելի էր հիվանդների համար:
-Հիւանդներու հետ հեռավար խորհրդակցութիւնը որոշ պարագաներու ունեցաւ իր բարերար ներդրումը, երբ հիւանդին տրուեցան սկսնական յանձնարարութիւններ: Սակայն ակնյայտ անպատեհութիւն էր, այն պարագաներուն երբ բժիշկը իր ախտաճանաչումը պիտի ընէր հիւանդին քննելէ ետք, ինչպէս օրինակ ճողուացքի պարագային: Հեռավար խորհրդակցութիւնը լաւ տարբերակ էր, բայց անշուշտ չի կրնար փոխարինել անձամբ բժիշկի մօտ այցելութիւնը:
- Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ եք նկատել ձեր այցելուների մոտ covid-19-պայմաններում:
-Քորոնա ժահրի պատճառով ստեղծուած ճգնաժամային իրավիճակը բոլորիս մօտ ստեղծեց ամբողջովին տարբեր իրավիճակ մը, որմէ անմասն չմնացին ո՛չ բժիշկները, ո՛չ ալ հիւանդները: Բժիշկներու մօտ արտակարգ իրավիճակ էր, որովհետեւ վարակիչ նոր ժահրի դէմ պայքարելու նոր միջոցներ պէտք էր որդեգրուէր: Բժիշկներու մօտ վարակուելու հաւանականութիւնը շատ բարձր էր. իրենց առողջութիւնը վտանգելու կողքին, կը վտանգէր նաեւ իրենց տան անդամներու առողջութիւնը:
- Ինչպիսի՞ դժվարություններ կան բժշկական Ձեր ոլորտում պանդեմիայի պայմաններում: -Բժշկական եւ առողջապահական ոլորտը առաւելաբար վտանգուած ոլորտ հանդիսանալով, հոն աշխատող անձնակազմը՝ ի մասնաւորի բժիշկները, լուրջ մարտահրաւէրներու եւ վճռական որոշումներու դէմ հանդիման կը գտնուին: Երբ հիւանդը վարակակիր է օրինակ, կարելի չէ զայն ենթարկել կուրաղիի վիրահատութեան: Հետեւաբար բժիշկի հսկողութեամբ եւ մանրէասպան դեղամիջոցներ օգտագործելով հարկ է յաղթահարել այդ հիւանդութիւնը: Այլ խօսքով բուժումներ իրագործելու համարորդեգրուեցան տարբեր միջոցներ ու մօտեցումներ:
2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը դասվել է «վտանգված լեզուների» շարքին: Մեր խմբագրակազմը արևմտահայերենի պահպանման նպատակով՝ հարկ համարեց հարցազրույցը ներկայացնել առանց փոխարկման:
Հիշե՛լ՝ արևմտահայերենը մեր ազգային արժեքն է:
Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հուլիս / 2021 : 10-59
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 11257անգամ
Վերջին լուրեր