23 / Հուլիս / 2021 : 13-23

«Սուր դեպքերը չէին նորությունը, այլ՝ հանկարծակիությունը. շատ արագ, վայրկյանների ընթացքում մարդը կարող էր վատանալ». սրտաբան Հարություն Հովհաննիսյան

Yelaket.am-ի «Մեդիֆիլդ» խորագիրը կրող հարթակը փորձել է պարզել, թե արդյո՞ք սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի ծանր են տանում COVID-19-ը, քան սովորական մարդիկ, իմունային համակարգը հիվանդության դեպքում ինչպիսի՞ նշանակություն ունի: Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի սրտաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս Հարություն Հովհաննիսյանի հետ:
- Ինչպիսի՞ն է COVID -ի տարածվածությունը և յուրահատկությունները սիրտ անոթային հիվանդների շրջանում:
- ՀՀ վիճակագրությանը տեղյակ չեմ, որովհետև դեռևս աշխատանքներ են տարվում: Սակայն, ելնելով այն ամենից ինչ-որ մենք տեսնում ենք առօրյա մեր պրակտիկայում, ըստ ամենայնի, բարձր է լինելու: Միջազգային գրականության տվյալներով՝ դիտվում է Covid-19-ի բարձր տարածվածություն՝ հատկապես սիրտ-անոթային, ինչպես նաև այլ ուղեկցող խնդիրներ ունեցող հիվանդների շրջանում: Այդ հիվանդներն են դիաբետիկները, խրոնիկ երիկամային հիվանդություն ունեցողները և այլն: Սրտաբանական բաժանմունքը, որտեղ ես աշխատում եմ, վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն բաժանմունք և ընդունում ենք սիրտ-անոթային պաթոլոգիա ունեցող Covid-19-ով հիվանդների, և գրեթե միշտ բաժանմունքը գերծանրաբեռնված է. ամեն օր ունենք ընդունումներ, դուրսգրումներ, վատ և լավ ելքեր: Ելնելով մեր տեսածից՝ կարելի է ասել, որ տարածվածությունը Հայաստանում ևս բացառություն չի կազմում. ինչը բխում է հիվանդության առանձնահատկություններից:
-Արդյո՞ք սիրտ- անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի ծանր են տանում, քան սովորական մարդիկ, թե՞ դա կապված է միայն իմունային համակարգից:
-Մի դիտարկում անենք, որ հիվանդությունը լինելով բավական նոր, «նենգ հիվանդություն», այնուամենայնիվ, խիստ անհատական մոտեցում կա: Ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, որոնց ելքն ըստ առկա տվյալների պետք է բարենպաստ չլիներ, բայց նրանց հաջողվել է հաղթահարել, և ընդհակառակը, ունեցել ենք հիվանդներ, որոնց վիճակը հատկապե՛ս սկզբում որևէ վտանգ չի ներկայացրել, բայց կարճ ընթացքում հիվանդությունը սրվել է՝ բերելով լետալ մահվան: Որոշ օրինաչափություններ կան, բայց շատ հաճախ բացառություններն ավելի շատ են՝ քան օրինաչափությունները: Ճի՛շտ եք նկատել, որ հիվանդությունը անհատապես տանելու խնդիր կա: Որոշ դեպքերում մարդը կարող է թեստ անել, դրական պատասխան ստանալ և այդքանով սահմանափակվել՝ առանց կլինիկական սիմտոմատիկայի, լաբորատոր ցուցանիշների շեղման, մեկ ուրիշի մոտ զարգանալ ծանրագույն թոքաբորբ ( հիմնականում Covid-19-ի հիվանդները՝ դրանք թոքաբորբով հիվանդներն են): ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, ունենում ենք շատ ծարն ընթացքով թոքաբորբեր, որոնք ևս մարդիկ շատ անհատապես են տանում: Անգամ հոսպիտալացման տևողությունը շատ անհատական է. կարող է տևել մի քանի օր կամ ամիս: Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի ծանր են տանում, քան սովորական մարդիկ, ապա 100 տոկոսով չի կարելի այդպես ասել: Այնուամենայնիվ, ինչ-խոսք սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների համար դա լրացուցիչ ռիսկ է՝ ծանր ընթացքի և հիվանդությունը տանելու հետ կապված, մյուս կողմից էլ չմոռանանք, որ սիրտ-անոթային հիվանդություններն ու շնչառական համակարգերը՝ խիստ փոխկապակցված օրգան համակարգեր են: Օրինակ, եթե մարդն ունի ուղեկցող սրտային անբավարարություն, բնականաբար, շնչառական պաթոլոգոիան ավելի ծանր կլինի:
-Այսինքն՝ մենք կարող ենք փաստել, որ իմունային համակարգն այստեղ կարևոր նշանակություն ունի:
- Covid 19-ի դեպքում մենք միշտ իմունբորբոքում ենք ունենում, և բարդությունների մեծ մասը պայմանավորված է գերարտահայտված /նայած հիվանդ/ իմուն պատասխանով:
- Ի՞նչ է ցուցված այս հիվանդներին, և ընդհանրապես, ի՞նչ խորհուրդներ կտաք նման հիվանդներին, որպեսզի հիվանդությունը չզարգանա և առավել պաշտպանված լինեն: -Ինչպես և ցանկացած այլ բուժայցելուների դեպքում, ովքեր անգամ չունեն ուղեկցող խնդիրներ, բոլորի համար ընդհանուր կանոնները նույնն են՝ անհրաժեշտ հիգիենան է, դիմակ կրելը, հատկապես մարդաշատ, հասարակական վայրերում, հաճախակի ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորություն պահելը, մարդաշատ հավաքույթներից խուսափելը և այլն, և այլն, մի խոսքով՝ այն ամենը՝ ինչը մենք ամեն օր տեսնում ենք, լսում, կարդում, և որոնք ընդգրկված են ԱՀԿ-ի ներկայացրոծ խորհուրդների ցանկում: Ինչ վերաբերում է հիշյալ հիվանդներին, ապա հատկապես նրանք է՛լ ավելի խիստ պետք է հետևեն վերոնշյալ ցուցումներին: Մյուս կողմից էլ մեր ազգաբնակչության շրջանում դիտվող սխալն է՝ ինքնաբուժությունը, որը նման հիվանդների մոտ կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: ճիշտ է՝ պահ կար, երբ հիվանդանոցներում տեղ չկար և նրանք ստիպված գտնվում էին տանը, բայց առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների վերահսկողության տակ: Սակայն, մարդիկ հաճախ հետևելով ինչ-որ մեկի խորհուրդին՝ դիմում էին սխալ բուժումների: Անիմաստ հակաբիոտիկ թերապիայի մասին է խոսքը, որը ո՛չ միշտ է ցուցված, ո՛չ բոլոր դեպքերում ենք կիրառում: Անգամ հիվանդանոցային պայմաններում այս հիվանդները պետք է ենթարկվեն ավելի խիստ մոնիտորինգի, ավելի խիստ հսկողության, ինչպես և ցանկացած այլ խրոնիկ հիվանդություն ունեցողները: Շատ հաճախ ունենում ենք ուշացած դեպքեր, այսինքն՝ հասնում են հիվանդանոց արտահայտված մեծ թոքաբորբով, արտահայտված շնչական անբավարարվածությամբ և այլն: Տվյալ դեպքում, ինչ խոսք շատ ավելի դժվար է լինում նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը:
- Վերջին շրջանում շրջանառության մեջ է դրվել մի տեսակետ՝ ըստ որի վիրուսը կարող է առաջացնել միոկարդիտ, առիթմիա, սրտամկանի ինֆարկտ և այլ այս կարգի հիվանդություններ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:
-Ինչպես արդեն նշեցինք, հիվանդության դեպքում կա արտահայտված իմուն պատասխան, իսկ իմուն համակարգի թիրախ կարող է դառնալ ցանկացած օրգան համակարգ, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգը: Հիվանդության սկզբնական շրջանից սկսած՝ պարզ է դարձել, որ իսկապես կա ցիտոկինային փոթորիկ ասվածը, որի ժամանակ իմուն համակարգը խիստ արագ ռեակցիա է տալիս՝ ախտահարելով սրտամկանը, և կարող ենք ունենալ կայծակնային միոկարդիտ, որի ելքը սովորաբար շատ վատ է լինում: Այո՛, կա, դա տեսակետ չէ, դա ապացուցված է: Բարեբախտաբար ոչ բոլոր հիվանդներն են այն ունենում: Շատ հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ հոսպիտալացվում են կամ վատ ելք են ունենում շնչական վարակների դեպքում: Սա հայտնի էր մինչև Covid-19-ը և սա ևս բացառություն չի: Հաշվի առնելով հիվանդության մեծ տարածվածությունը՝ ամեն-ինչ տեղավորվում է տրամաբանության շրջանակներում:
- Եվ ընդհանրապես, ի՞նչ է անհրաժեշտ առողջ սիրտ ունենալու համար, ի՞նչ խորհուրդներ կտաք այն առողջ պահելու համար:
- Մենք ունենք ռիսկի գործոններ, որոնց մասին շատ է խոսվել: Սիրտ-անոթային հիվանդություններից որոշները դարձելի են, այսինք՝ կարգավորելի ու կառավարելի են, մոդիֆիկացիայի ենթակվող են: Ունենք նաև չմոդիֆիկացվող: Դա հիմնականում ժառանգական նախատրամադրվածությունն է, որի վրա առայժմ չենք կարող ազդել: Խոսքը, հիմնականում, 50-55 տարիքի արական սեռի ներկայացուցիչների մասին է, մնացած ռիսկի գործոնների վրա կարելի է ազդել: Դրանք են՝
· ժամանակակաից քաղաքակրթության բացասական հետևանքներից մեկը՝ նստակյաց ապրելակերպն է,
· այսպես կոչված արևմտյան դիետան է՝ «Fast food» ասվածը, որը բերում է ճարպակալման, նյութափոխանակման համախտանիշի: Ի վերջո, այս խնդիրը կարող է զարգացնել գլյուկոզայի տոլերանտության խանգարում, հետագայում՝ երկրորդ տիպ շաքարային դիաբետ, որն էլ ավելի է մեծացնում սիրտ-անոթային ռիսկերը, ինչպես նաև կարող է զարգանալ զարկերակային հիպերտենզիա և այլն:
· Ծխելը կառավարելի ռիսկի գործոն է, մի քանի անգամ բարձրացնում է մահացությունը, և դեռևս 20-25 տարի առաջ արված վիճակագրությունը ցույց է տվել, որ ծխելուց հրաժարվելուց հետո կողմնային հիվանդությունների ռիսկը ուղիղ 50 տոկոսով նվազում է: Մոտ 2 անգամ, տեսեք՝ ինչ մեծ դեր ունի:
· Ֆիզիկական ակտիվությունը, լողը շատ ցուցված են, և ընդհանրապես շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այս փաստն ամբողջ աշխարհում վաղուց ապացուցվել է:
Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հուլիս / 2021 : 13-23
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 15676անգամ
Վերջին լուրեր