Ուսանողների վարձերի փոխհատուցումներ. hակաճգնաժամային 14-րդ ծրագիր
Մի ձեռքով տալու, մյուսով վերցնելու նուրբ արվեստը
ՀՀ կառավարության հակաճգնաժամային 14-րդ ծրագիրը նախատեսված է ուսանողների համար: Դրանով պետությունը պարտավորվում է 100 %-ով վճարել 90 և ավելի ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ավարտական կուրսի ուսանողների ուսման վարձերը, իսկ ոչ ավարտական կուրսերի ուսանողներինը` 75 %-ով: Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են գումարն ստնալ և տնօրինել այնպես, ինչպես ցանկանում են: Առաջին հայացքից հիանալի թվացող այս ծրագիրն իրականում մի շարք բացեր ունի և մեկ օղակով լրացնում է պոպուլիզմի անվերջանալի շղթան:
Նախ նկատենք, որ ըստ պաշտոնական փաստաթղթերի` 90 և ավելի ՄՈԳ ունենալը հավասարազոր է 20 բալանոց համակարգի 19 և ավելի միավորին (այնինչ, ոչ պաշտոնական` իրական հաշվարկներով` 90 միավորը համապատասխանում է 18 միավորին, 80-ը` 16-ին, այսպիսով` շահառուների թիվն զգալիորեն կրճատվում է), իսկ նման միավորներ ունեցող ուսանողներն արդեն սովորում են պետպատվերով, մի մասն էլ օգտվում է զեղչային համակարգից: Այսինքն` ստացվում է այնպես, որ այդ օրենքը թիրախային խմբի ուսանողների վրա, ըստ էության, չի տարածվում, կամ պետությունը վճարելով այս ուսանողներին` մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Սա պետական պարզ աճպարարություն է, որի մասին են վկայում նաև ծրագրի հաջորդ կետերը:
Հաջորդիվ պետությունը խոստանում է զրոյացնել 80 և ավելի բարձր ՄՈԳ ունեցողների ուսանողական վարձերի տոկոսները (ուշադրություն` միայն 2020թ համար), իսկ 80-ից ցածր (ասենք` 79) ՄՈԳ ունեցողների վարկերը պետությունը կսուբսիդավորի 5 տոկոսով: Թե ինչու՞, նույն պետությունը դրա պատասխանը չի տալիս, իսկ զննող աչքի ենթադրությունները մտահոգիչ են:
Եթե 90 և ավելի մոգը հավասարազոր է 19-20 միավորի(պետության հաշվարկով), ապա 80-ը հավասարազոր է 18-18,05-ի: Հետաքրքրական է` ի՞նչ սկզբունքով է ուսանողը կես միավորի համար զրկվում 100 % օժանդակությունից, ինչու նման ուսանողը ծրագրից չի օգտվում գոնե 70 կամ 50 %-ով: Պատասխանը պարզ է, որը նշել եմ վերևում: Ծրագրի առաջին մասով, պետությունը ֆինանսավորելով շատերին` գրեթե ոչ մեկին չի ֆինանսավորում, որովհետև գումարը պետության «տաբատի գրպանից գնում է բաճկոնի գրպանը»: Օրինակ` Երևանի պետական համալսարանում պետպատվերով սովորում է շուրջ 2500 ուսանող, որոնցից մոտ 1300-ի վրա է տարածվում օրենքի նախագիծը: Այսինքն` կառավարությունն օգնում է նրանց, ովքեր օգնության կարիք, ուսման վարձերի մասով, չունեին: Իսկ մյուս ուսանողները, որոնք կարող են օգտվել ծրագրից, արդեն օգտվում են զեղչային համակարգից:
Նաև տարօրինակ է, որ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսի ուսանողը չի ֆինանսավորվում ավարտական կուրսի ուսանողի չափ: Այս մոտեցումը բացատրություն չունի: Եթե միջացառումը ծառայում է ՀՀ բնակչության սոցիալական շահերին, ինչպե՞ս է այսպես ստացվել: Առաջին, երկրորդ, երրորդ կուրսի ուսանողների ծնողներն ավելի հարուստ են, քան ավարտական կուրսերի՞նը: Այստեղ տրամաբանությունը ոչ միայն բացակայում է, այլ հստակ նկատելի է ընդգծված անտրամաբանությամբ ողողված «անմեղ խտրականությունը», որովհետև տվյալ պարագայում հաշվի են առնվում ոչ թե ուսանողի կամ նրա ընտանիքի սոցիալական վիճակն ու կարողությունները, այլ ուսանողի ընդունակությունները, ասել է թե` ստացած գնահատականները, իսկ հայաստանյան բուհերում, գաղտնիք չէ, որ բարձր գնահատական ստանալը հաճախ կապված է լինում ոչ թե բարձր առաջադիմության, այլ լավ կապերի հետ: Այդ մասին գիտենք բոլորս` հաճախ տուժելով, հաճախ շահելով դրանից: Այդ մասին շատ լավ գիտեն նախարարն ու վարչապետը նույնպես, ավելին` բազմիցս անդրադարձ են կատարել:
Ստացվում է, որ Կառավարության 14-րդ ծրագրի անունը կա, ամանումը չկա: Ինչպես ասում են`եկան, նկարվեցին, գնացին, իսկ կադրից դուրս մնացողների մասին մտածող չկա: Եվ ամենածանր վիճակում հենց կադրից դուրս մնացածներն են: Ուսանողներ, որոնք այս կամ այն դիպվածի բերումով, ինչու չէ, ընդունակությունների բերումով, ունեն 15,16,17 միավորանոց ՄՈԳ, և վարձավճարների մուծման լուրջ խնդիրներ ունեն, որովհետև, պահի բերումով, ոչ իրենք, ոչ էլ իրենց ընտանիքների անդամները չեն աշխատում: Բայց, ներողություն, ՀՀ կառավարության հիշյալ ծրագիրն օժանդակությու՞ն է, թե՞ առաջադիմության մրցույթ: Ո՞վ է որոշել, որ 15 ՄՈԳ ունեցող ուսանողը, որի ծնողները միասին ամսական նույնիսկ 100 հազար դրամ չեն ստանում, չպետք է ֆինասնավորվի, իսկ ավելի բարձր ՄՈԳ ունեցողը, որը, ասենք, գերապահովված ընտանիքից է, պետք է օգտվի: Սա ի՞նչ խեղկատակություն է, ո՞վ է այս կամընտրական մոտեցման անունն օժանդակություն դրել:
Այս մոտեցումը խտրականություն է, գուցե չմտածված, բայց խտրականություն է: Սա հասկանում են բոլորը, հուսամ` նաև ծրագրի հեղինակները, որոնք, ինչ խոսք, շատ առատաձեռն գտնվելով, բավականին գծուծ են:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ