26 / Ապրիլ / 2020 : 20-05

Ինձ մեղադրում են ապատեղեկատվության մեջ. ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄ տեղը դրած. Ա. Տեր-Մինասյան

Այս գիշեր՝ ժամը 2-ի մոտ, համակարգիչիս ծլնգոցից արթնացա՝ տեսնելու՝ ով է այս ժամին ինձ հիշել։ Նամակ էր։ Աշոտ Աբգարյան անունը ինձ ծանոթ չէր։ Բացեցի իր էջը՝ իմանալու՝ ով է այդ անձնավորությունը, բայց անձնավորություն չկար․ լուսանկար էր՝ չգիտեմ՝ որ տարիքի, և նշված էր, որ ապրում է Երևանում։ Կարդացի գրությունը, որում այդ լուսանկարը ինձ մեղադրում է 1970թ․ ապրիլի 24-ի մասին գրած հիշողություններիս մեջ թույլ տված ապատեղեկատվությունների համար։

Այնքան անլուրջ էր, որ սկզբում որոշեցի չարձագանքել։ ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄ՜ տեղը դրած։ Բայց ՖԲ է էլի․ ով ասես կարդում է, մեկ էլ տեսար իր մակարդակի մեկն էլ լուրջ ընդունեց․․․ ՈՒստի ստիպված եմ ժամանակ ծախսել «քննադատիս» սադրանքները բացահայտելու վրա։ ՍԱԴՐԱՆՔ 1․— Գրում է, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առաջին այցելողները եղել են հենց իմ չսիրած «ապազգային» ու «նողկալի» կոմկուսի անդամները։ Բառերն էլ առնում է չակերտի մեջ՝ իբր իմ գրվածքից է մեջբերել։ Բայց ու՞մ է կույրի տեղ դնում։ Յուրաքանչյուր տառաճանաչ մարդ կնկատի, որ իմ տողերում իսպառ բացակայում է «ապազգային» բառը, իսկ «նողկալի» անվանել եմ լրատվական հայտնի կեղծիքը։ Իմ գրառումներում չկա նաև »կոմկուսի կենտկոմ» արտահայտությունը, բնականաբար, նաև՝ նրանց սիրելու կամ չսիրելու մասին որևէ խոսք։ Ինքը գրում է, ինքն էլ նրանց պաշտպանում։ Բայց ինչու՞․․․ ախր ես իրեն ճանաչելու դժբախտուրյունը չեմ ունեցել։

ՍԱԴՐԱՆՔ 2․— Ինձ իբր թե հակադարձում է՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ գնալու համար ոչ մեկին չէին պատժում․․․ կառուցել էին, որ գնացողներին պատժե՞ն, ուղղակի դեմ էին անկարգություններին։ — Ա՜յ քեզ խեղաթյուրում․․․ ամոթ չի՞․․․ Ես հստակ գրել եմ, որ սպառնալիքները վերաբերում էին ԴԱՍԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻՆ, բառացի մեջբերել եմ նաև համալսարանի ղեկավարների հորդորը․ « ցանկացողները կարող էին Ծիծեռնակաբերդ այցելել ով երբ ցանկանար, բաց դասերից հետո»։ Ավելին՝ նշել եմ, որ ոչ մի լուրջ պատիժ էլ չի եղել, ակնարկել եմ, որ դասաղոսները ներքուստ հպարտանում էին իրենց սաներով․․․ Բայց եթե մեկը իր կարդացածը վատ է հասկանու՞մ․․․ ՍԱԴՐԱՆՔ 3․— Գրում է, թե 1965-ին քչերն ունեին հեռուստացույց, ուրեմն հայ ժողովուրդը չէր կարող սպասել հեռուստալուրերի,իսկ 65-ին այդ լրատվական ծրագիրը «Վրեմյա» չէր կոչվում։ — Նախ՝ ես գրել եմ ոչ թե 65 թ․-ին, այլ 1965-ից սկսած, այսինքն՝ 1965-70 թվականներին, և ճիշտ չէ, թե այդ տարիներին քչերը միայն հեռուստացույց ունեին։ Հետո՝ ճիշտ է, որ 65-ին այդ հաղորդման անունը «Վրեմյա» չէր։ Ճիշտ է, և իմ կողմից էլ կարող եմ ավելացնել, որ «Վրեմյա» կոչվել է 1968թ․ հունվարի մեկից։ Հետո ի՞նչ․ պարտադիր էր բոլոր հին ու նոր անունները հերթով նշե՞լ․․․ ՍԱԴՐԱՆՔ 4․— Ասում է ապրիլի 24-ի տեսանյութի կեղծիքը ինչու՞ պիտի 2 օր ուշացումով եթեր արձակեին․․․ — Բա ին՞չ անեին, եթե ամսի 24-ը չի կարող ամսի 22-ից առաջ լինել․․․ Թե՞ տեղերը փոխեին։ ՍԱԴՐԱՆՔ

5․— Ասում է՝ եթե կադրերը մոնտաժեին, պետք է Լենինի արձանն էլ երևար։ — Նախ՝ դա պարտադիր չէ։ Հետո՝ հակիրճ գրելու համար մանրուքների մեջ չեմ մտել, բայց հատուկ ընդդիմախոսիս համար ավելացնեմ։ Այդ կադրը , լրագրողի խոսքին զուգահեռ, նախ Բաղրամյան փողոցից կտրվելով՝ մոնտաժված սկսեց ցուցադրել երկնքում ճախրող աղավնիներ, հետո՝ Լենինի արձանը և նոր միայն նշածս վերջին՝ առանց որևէ ֆոնի հատվածը, երբ պսակ էինք դնում մեր զոհերի և ոչ թե Լենինի հուշարձանին․․․

Գրեցի ու մտածում եմ՝ իմաստ ուներ ինչ-որ գրամոլ սադրիչի այսքան երկար պատասխանել։ Չէ՞ որ, իմ գրած յուրաքանչյուր փաստի վկաները համարյա բոլորն էլ ողջ են։

Աշոտ Տեր-Մինասյան

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Ապրիլ / 2020 : 20-05
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 32969անգամ
Վերջին լուրեր