« Medifield» ամսագիրը` ԱՄՆ Գլենդել քաղաքի «Առողջապահության 10-րդ ամենամյա փառատոնին»

«Միասին կառուցենք առողջ գաղութներ» կարգախոսի ներքո Գլենդել քաղաքում տեղի ունեցավ Առողջապահության 10-րդ ամենամյա փառատոնը։
Հայ-ամերիկյան բժշկական միության նախագահ Արմոնդ Քոթիկյանի փոխանցմամբ՝ Գլենդելի բժշկական փառատոնն այս տարի աննախադեպ էր.
«Մոտ 8000 հիվանդ ենք ունեցել այս ժամանակաընթացքում: Փորձում ենք օգնել բոլոր դիմորդներին, ովքեր չունեն ապահովագրություն՝ նպատակ ունենալով մեկ կտուրի տակ համախմբել նրանց»,- նշել է Արմոնդ Քոթիկյանը:
Միջոցառման մասնակիցների շարքում էին նաև «MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի ներկայացուցիչները: Ամսագրի առաքելությունն է նպաստել բժիշկների փորձի փոխանակմանը, հանրայնացնել բժշկության ոլորտի գիտական նվաճումներն ու հիվանդությունների բուժման նորանոր մոտեցումներն ու եղանակները, բարձրաձայնել պրակտիկ բժշկությանն առնչվող տարբեր հիմնախնդիրները և մի շարք այլ կարևոր հարցեր:


«ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայ բժիշկների ու ոլորտի այլ մասնագետների կատարած գործունեությունը հավուր պատշաճի գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա»-, նշեց ամսագրի հիմնադիր Հայկ Մարկոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր թիմը եռանդագին լծված են իրենց առաքելությունը կատարելու գործում:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում իրականացվեցին անվճար բժշկական ծառայություններ, այդ թվում՝ արյան, շաքարի և ճնշման ստուգումներ, ինչպես նաև ստոմատոլոգիական միջամտություններ, աչքերի ու ականջների բուժզննում: Բժշկական խորհրդատվության շրջանակներում անդրադարձ եղավ մամոգրաֆիային, այդ թվում՝ քաղցկեղի գիտակցման և կանխարգելման ընդհանուր հիմնահարցերին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում